Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի սկզբին Ադրբեջան է այցելելու ԱՄՆ պետդեպարտամենտի՝ տարածաշրջանային հարցերով և Կովկասի հարցերով գրասենյակի ղեկավար Ջասթին Ֆրիդմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Կիթ Բինը։
Վերջինիս խոսքերով՝ Ֆրիդմանը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը այցելելու է Հարավային Կովկասի երեք երկրներ։ Բաքվում Ֆրիդմանը հանդիպումներ է ունենալու պաշտոնատար անձանց և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպումներում քննարկվելու է անվտանգության, էներգետիկայի և ժողովրդավարական բարեփոխումների ոլորտներում երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցը։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Ֆրիդմանը ելույթ էր ունեցել Վաշինգտոնի ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնում կազմակերպված կոնֆերանսում, որը նվիրված էր Հարավային Կովկասի անկախության 20-ամյակին։
Իր ելույթում Ֆրիդմանը նշել էր. «ԱՄՆ-ը շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով աջակցել խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Վրաստանի ինքնիշխանությանը։
ԱՄՆ վարչակազմը Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում վարում է ինքնիշխանության առաջընթացի քաղաքականություն, որպեսզի նրանք կարողանան ապրել խաղաղության մեջ, զարգացնեն իրենց տնտեսական պոտենցիալը, կառուցեն ժողովրդավարական ղեկավարման համակարգ, պաշտպանեն ազատությունը և իրենց քաղաքացիների անձնական ազատությունները։
Հարավային Կովկասի երկրների տնտեսությունների ու ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար հետագա աջակցությունը կօգնի նրանց դառնալու ավելի կայուն և լուծելու իրենց անվտանգության հրատապ խնդիրները»։










































