Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը հայտարարել է, որ Հայաստանի համար ԵՄ վիզաներն ազատականացնելու շուրջ երկխոսության մեկնարկը ևս մեկ քայլ է հարաբերությունների սերտացման ճանապարհին։ Քսավյե Բետելն այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ընթացքում։«Վիզաների ազատականացման դեպքում մարդկանց համար ավելի հեշտ կլինի մեկ երկրից մյուսն այցելել, իրականացնել փորձի փոխանակում և ավելի քիչ գումար ծախսել։ Սա ևս մեկ քայլ է հարաբերությունների սերտացման ճանապարհին»,- ասաց դիվանագետը։ Նրա կարծիքով՝ տնտեսությունն ու բիզնեսն, անշուշտ, էական ոլորտներ են, սակայն ամենակարևոր քայլն այստեղ արվում է շարքային քաղաքացիների համար, որպեսզի նրանք ավելի մոտենան Եվրամիությանը։ «Այս գործընթացը չի առնչվում միայն թվերին։ Վիզաների ազատականացմամբ նպաստում ենք տարբեր երկրների բնակիչների միջև հարաբերությունների սերտացմանը։ Այս հարցում բոլորին և հատկապես հայերին ասում ենք՝ «բարի գալուստ»»,- ասաց Բետելը։











































