Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Էներգետիկների փողոցում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են ճանապարհային պատվածքի և մայթերի հիմնանորոգման աշխատանքները։Ինչպես տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Էներգետիկների փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 48 միլիոն 105 հազար 300 դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգում, դիտահորերի պատերի ամրացում, կափարիչների, եզրաքարերի, եզրաշարերի, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրամեկուսացում, ջրհավաք հորերի իրականացում և այլ շինարարական աշխատանքներ: Հիմնանորոգումն ընդգրկում է 2862 քառակուսի մետր տարածք: Շինարարական աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպությունը «ՃԱՆ-ՇԻՆ» ՍՊԸ-ն է։ Շինարարությունը նախատեսված է ավարտի հասցնել այս տարվա ընթացքում։









































