ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Ռումինիան առաջին երկրներից մեկն է եղել, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը: Նշելով որ Ռումինիան դիվանագիտական կապեր է հաստատել Հայաստանի հետ 1991 թ. դեկտեմբերի 17-ին, Պրունարիուն նկատեց, որ այժմ տոնվում է նաև հայ-ռումինական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը:
Նա ասաց, որ հայ և ռումին ժողովուրդների հարաբերությունները ավելի ան 600 տարվա պատմություն ունեն, Ռումինիայում առաջին հայկական եկեղեցին կառուցվել է 1401թ., այնտեղ են ապրել շատ նշանավոր հայեր, 20-րդ դարում հայերը մեծ ներդրում են կատարել Ռումինիայի կրթական և մշակութային ոլորտում:
Դեսպանը շեշտեց, որ հայկական համայնքն իրենց երկրում ունի բոլոր այն իրավունքները, որոնք հաստատված են Ռումինիայի Սահմանադրությամբ: Ռումինիայի խորհրդարանում հայկական համայնքը ունի իր ներկայացուցիչը, նախկին կառավարությունում Ռումինիայի ֆինանսների նախարարը եղել է Վարուժան Ոսկանյանը: Դեսպանը նկատեց, որ վերջին տարիներին հայ-ռումինական հարաբերություններն ավելի են խորացել, և շփումներ կան բոլոր ոլորտներում, տեղի են ունեցել մի շարք բարձրաստիճան հանդիպումներ` թե՛ նախագահների, թե՛ կառավարության ներկայացուցիչների միջև: Երկկողմ հարաբերությունների շարքից նա նաև շեշտեց, որ 2007 թ. Հայաստանի Վ. Բրյուսովի անվան համալսարանում բացվել է ռումիներենի բաժին: Դեսպանը նկատեց, որ հայ-ռումինական հարաբերություններում առավել ակտիվ բնագավառներն են կրթությունն ու մշակույթը. «Շատ հայ ուսանողներ ուսում են ստանում Ռումինիայի բուհերում, մասնակցում են Ռումինիայում կազմակերպված միջազգային մշակութային փառատոներին»:
Դեսպանը նաև ասաց, որ երկու երկրների խորհրդարանների միջև շփումներ կան, սակայն դրանք զարգացնելու կարիք կա: Հայ-ռումինական տնտեսական հարաբերությունները ևս, ըստ դեսպանի, բավարար զարգացած չեն, և հիմնական պատճառը տրանսպորտային միջոցների սղությունն ու տնտեսական ճգնաժամն է: Այս տարի ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև նվազել է 27 տոկոսով` անցած տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ: Ռումինիայում 45 հայ անհատ ձեռներեցներ են գրանցվել, որոնք ռումինական տնտեսության մեջ ներդրել են 1.2 մլն դոլար, որը, դեսպանի խոսքերով, իրենց համար չափազանց հաճելի է:
Դեսպանը նկատեց, որ Հայաստանը և Ռումինիան մեծ հնարավորություններ ունեն համագործակցելու սևծովյան տարածաշրջանում, և այն հանգամանքը, որ Հայաստանը «Արևելյան գործընկերության» անդամ է, էլ ավելի է կնպաստի այդ համագործակցությանը:









































