Օգոստոսի 25-ին Ադրբեջանի ՆԳՆ Բարդայի տարածաշրջանային վարչությունը հաղորդագրություն է տարածել, որ Ջեբրայիլի շրջանի տարածում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետեւանքով «զոհվել է Բաքվի պետական համալսարանի պրոֆեսոր Նասիման Յաղուբլուն»: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Յաղուբլուն Միլլի մեջլիսի արտահերթ ընտրություններում «Մուսավաթ» կուսակցությունից պատգամավորության թեկնածու է եւ «վերադառնում էր ընտրողների հետ հանդիպումից»:
Այդ առթիվ կարծիքի էինք հայտնել, թե գուցե ինչ-որ մեկը Յաղուբլիին «օգնել է» եւ հարցադրում արել՝ արդյոք «Մուսավաթի» առաջնորդ Իսա Գամբարը կխոսի՞: «Թուրանը» փոխանցում է «Մուսավաթի» փոխնախագահ Մուստաֆա Հաջիբեյլիի գնահատականը. «Դա առեղծվածային մահ է: Հարթ տեղում ինչու՞ պիտի պատահար լիներ»: Նա ավելացնում է, որ «Նասիման բեյը պատանի տարիքից ավտոմեքենա է վարում»:
Հաջիբեյլին երկրորդ կասկածն ունի, որ նրան «ուշ են հիվանդանոց հասցրել»: Նրա հաշվարկով՝ ՃՏՊ վայրից մինչեւ Ֆիզուլիի հիվանդանոց «կես ժամվա ճանապարհ է», մինչդեռ Յաղուբլիին տեղ են հասցրել պատահարից մեկ ժամ քսան րոպե հետո: Ընդդիմադիր կուսակցական գործիչի կարծիքով՝ «Նասիման Յաղուբլին պատգամավորության թեկնածու էր եւ անկասկած շատ ձայներ կստանար, որոշ անձինք նրա մահվամբ կարող էին շահագրգռված լինել»:
«Մուսավաթի» փոխնախագահը շատ կարեւոր է համարում «մահվան պատճառների հանգամանալի հետաքննություննը»: Լրատվամիջոցն ավելացնում է, որ Հաջիբեյլիի հայտարարության կապակցությամբ «մեկնաբանություններ ստանալ չի հաջողվում»: Կոնկրետ ում եւ ի՞նչ հարցով է դիմել «Թուրանը», մանրամասնություններ չեն փոխանցվում:
Հաջիբեյլիի հայտարարությունը վկայում է, որ «Մուսավաթը» Նասիման Յաղուբլիի մահվան պաշտոնական վարկածին հավատ չի ընծայում եւ փորձում է հասնել համակողմանի հետաքննության: Հարց է, թե դա որքանով անկեղծ եւ հետեւողական դիրքորոշում է: Ինչու՞ այդ չափազանց կարեւոր հարցով «Մուսավաթը» պաշտոնական հայտարարություն չի տարածում:
Միլլի մեջլիսի ընտրություններին մնացել է չորս օր: Եթե «Մուսավաթը» հանդես գար նախընտրական իրավիճակի մասին քաղաքական անաչառ գնահատմամբ, ապա քվեարկության ընթացքի վրա դա, անկասկած, ազդեցություն կթողներ եւ անգամ միջազգային արձագանք կունենար:
Իսա Գամբարը, թվում է, ընտրել է պարզապես դեմք փրկելու տարբերակը. կուսակցության փոխնախագահը կասկածում է ՃՏՊ եւ Յաղուբլուի մահվան պաշտոնական վարկածին, առաջադրում համակողմանի հետաքննություն անցկացնելու խնդիր, բայց «Մուսավաթը» շարունակում է մնալ «ընտրապայքարի» մեջ:
Դա Միլլի մեջլիսի ընտրություններին որոշ իմաստով լեգիտիմություն է տալիս. ֆորմալ առումով քսանհինգ կուսակցություն թեկնածություններ է առաջադրել: Եվ եթե մյուսներն ունեն գրպանային ընդդիմության համարում, ապա «Մուսավաթի» եւ Real-ի պարագան այլ է. նախորդ գումարման խորհրդարանում նրանք ներկայացված չեն:
Քարոզչական առումով ոչ մի խնդիր չի լինի, եթե ընտրությունների մասին հաշվետվություններում ընդգծվի, որ դրանք «միանգամայն մրցակցային էին» եւ նշվի «Մուսավաթի» ու Real-ի մասնակցությունը: Մեծ է հավանականությունը, որ երկու կուսակցությունները նոր խորհրդարանում «արժանի ներկայացվածություն» կունենան:
Օգոստոսի 25-ի ՃՏՊ-ի եւ Նասիման Յաղուբլուի «մահվան հանգամանքները» հազիվ թե համակողմանի հետաքննության առարկա դառնան: Այս իմաստով փաստի առթիվ «Մուսավաթի» փոխնախագահի կասկածանքներն ավելի շուտ «Մուսավաթի» քաղաքական վարքի հանդեպ անվստահություն են ծնում: Իրական ընդդիմությունը պատգամավորության իր թեկնածուի «արտառոց մահվան» առթիվ հանրային բողոքի ալիք կնախաձեռներ: «Մուսավաթը» բավարարվում է իշխանության հանդեպ անվստահության մասին ակնարկներով, ինչը կարող է հարցեր առաջացնել կուսակցության իրական նպատակների եւ գործողությունների հասցեականության մասին:









































