Վրաստանի կառավարող կուսակցությունը տարածել է հայտարարություն, որով Միխայիլ Սահակաշվիլիին մեղադրում է դրսից ցուցումների հիման վրա 2008 թվականի պատերազմ սադրելու եւ Վրաստանին կորուստ պատճառելու համար: Այս հայտարարությունը մի կողմից անսպասելի է, մյուս կողմից թերեւս ոչ այնքան: Առավել եւս, որ մի քանի օր առաջ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն հայտարարել էր, որ մտադիր են իրականացնել 2008 թվականի պատերազմի հանգամանքների քննություն, թեեւ դեռ չեն որոշել ինչ ձեւաչափով:
Պարզ է, որ այդ քննության քաղաքական նպատակը պետք է լինի Սահակաշվիլուն թիրախավորելը, իհարկե ոչ միայն նրա անձնական գործոնի իմաստով, այլ նաեւ ընդհանրապես վրացական ընդդիմության, որի առումով Սահակաշվիլին շարունակում է մնալ այսպես ասած միավորող խորհրդանշական գործոն: Պետք է ենթադրել, որ արտաքին ցուցում ասվածն էլ տողատակում պարունակում է արեւմտյան հասցե, սակայն կոնկրետ պարզ չէ՝ թե ինչ հասցե: Վրացական երազանքն ու՞մ է համարում ցուցում տվող: Հնարավոր է, որ Վրաստանի կառավարող կուսակցությունը հոկտեմբերին սպասվող խորհրդարանի ընտրությունից առաջ պատրաստում է գործիքակազմ, որով կդիմակայի այն հնարավոր ճնշումներին, որ կարող են լինել Վրաստանի ներքաղաքական կյանքում, Վրաստանի ընդդիմությանը՝ Վրաստանի ներկայիս քաղաքականությունից դժգոհ Արեւմուտքի աջակցության միջոցով:
Ըստ երեւույթին իրավիճակից է կախված, թե արդյո՞ք Թբիլիսին կգնա «ցուցում տվողին» նույնականացնելու, թե՞ ոչ: Որովհետեւ, միեւնույն ժամանակ, Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ քայլեր են արել ԱՄՆ հետ հարաբերությունը վերբեռնելու ուղղությամբ եւ սպասում են Վաշինգտոնի պատասխան քայլին: Այդ ամենով հանդերձ, երբ Վրաստանում խաղարկում են 2008 թվականի պատերազմի խաղաքարտը, արդյո՞ք առնվազն «հոգու խորքոմ» դիտարկում են թուրքական եւ ադրբեջանական գործոնի հանգամանքը: Ինչպես ասում են՝ փնտրիր նրան, ում ձեռնտու է հանցանքը:
Իհարկե 2008 թվականի պատերազմի միջոցով ռուս-վրացական բախումն ու ըստ էության դրա անշրջելիության բավականին ամուր պատի ձեւավորումը բավարարում էր արեւմտյան մի շարք դերակատարների, բայց անկասկած է նաեւ, որ 2008 թվականից հետո Ռուսաստանի հետ այդ կոշտ դիմակայության հանգամանքը զգալիորեն ավելացրել է Վրաստանում Թուրքիայի եւ Ադբեջանի ազդեցությունը: Երբ Վրաստանում սրվում է դիմակայությունն Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, այդ սրացման գլխավոր շահառուն Անկարան է, որն անմիջապես շտապում է ներկայանալ «բուֆեր-բալանսի» տրամաբանությամբ, իր «տոկոսները» ակնկալելով կամ վերցնելով թե Ռուսաստանից, թե Արեւմուտքից, փորձելով Վրաստանում իր տեղապահությունը վաճառել թե մեկի, թե մյուսի վրա: Որեւէ կասկած չկա, որ Անկարան ու Բաքուն այդ իմաստով պատրաստվում են Վրաստանում հոկտեմբերին ջրի պղտորմանը:











































