Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի վարչակազմը։
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել ոչ պաշտոնական իրավիճակում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի կազմակերպած նախաճաշի ժամանակ։ Նշվում է, որ Վրաստանի ու ԱՄՆ նախագահների զրույցն անցել է բարեկամական մթնոլորտում, կողմերը քննարկել են երկկողմանի համագործակցությանն առնչվող հարցեր։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին այսօր ելույթ է ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նիստում, որի ընթացքում ուշադրություն է հրավիրելու տարածաշրջանային անվտանգության հարցերի վրա։









































