Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Թուրքիայի վարչապետ Էրդողանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիան նույնպես պատժամիջոցներ է սահմանելու Սիրիայի նկատմամբ.
«Մենք չէինք ցանկանում բանը հասցնել կոշտ միջոցների, սակայն սիրիացիներն իրենք ստիպեցին Անկարային՝ նման քայլերի գնալու։ Պաշտոնական Դամասկոսը կեղտոտ հակաթուրքական կամպանիա է ձեռնարկել։ Մենք այլևս չենք վստահում սիրիական ներկայիս իշխանություններին»։
Այժմ Էրդողանն իրականացրել է իր հակասիրիական առաջին քայլը. Թուրքիան դեպի Սիրիա ռազմական բեռներ փոխադրող ինքնաթիռների համար փակել է իր օդային տարածքը։
Հիշեցնենք, որ երեք օր առաջ ամերիկյան The New York Times թերթին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին մեղադրել էր Թուրքիային կեղծ խոստումներ տալու մեջ.
«Թուրքիան բախվել է դավաճանության հետ և իրեն խաբված է զգում։ Ասադը կեղծ խոստումներ է տվել, նա չի պահել իր խոստումները»։










































