Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ թուրքական բանակը երկրի արևելյան հատվածում ընկած Թունջելիի (նախկին Դերսիմ) նահանգում իրականացնում է վերջին տարիներին ամենախոշոր պատժիչ գործողությունը։ Այդ նպատակով թուրքական բարձրագույն զինվորական հրամանատարությունը «Սիկորսկի» տիպի 6 ուղղաթիռներով մոտ 2000-անոց դեսանտ է իջեցրել Թունջելիում։
Նշվում է, որ Թունջելիում գործում են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 4 առանձին խմբեր։ Այժմ թուրք զինվորականները լայնամասշտաբ գործողություններ են ձեռնարկել նրանց վնասազերծելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում PKK-ն բավական ակտիվ է Թուրքիայի արևելյան և հարավարևելյան հատվածներում, այդ թվում՝ նաև Թունջելիում, ուր օրեր առաջ PKK-ի զինյալները երկարափող զենքերով գնդակոծել էին ֆուտբոլ խաղացող թուրք ոստիկաններին։ Դրա հետևանքով զոհվել էր 2 և վիրավորվել 8 ոստիկան։









































