Շատ թե քիչ լիկվիդային ակտիվներից «ազատվելը» և որպես սեփականություն կամ կառավարման նպատակով դրանց փոխանցումը ռուսական կամ այլ ընկերություներին Հայաստանի կառավարության քաղաքականությունն է: Քաղաքագետ Իգոր Մուրադյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ, կառավարության պատկերացմամբ, դրանով խնայվում են բյուջետային միջոցները, քանի որ այդ ձեռնարկությունները լուրջ ներդրումների կարիք ունեն:
«Հնարավոր է, դա ճիշտ քաղաքականություն է, սակայն ապագան ցույց կտա, թե որքանով է նման քաղաքականությունը կշռադատված ու ճիշտ: Առայժմ մի շարք ոլորտներում, որոնք ռուսական ընկերությունները ձեռք են բերել Հայաստանում, ոչ մի ռազմավարական զարգացում տեղի չի ունեցել: Դեռևս հասկացված չեն երկաթուղային ցանցի զարգացման հեռանկարները, ինչպես նաև էլեկտրոնային արտադրության ձեռնարկությունների ճակատագիրը»,- ասաց Ի. Մուրադյանը:
Քաղաքագետը միաժամանակ նկատեց, որ շատ որոշումներին այլընտրանք չի եղել:
Անդրադառնալով Որոտանի վրա գտնվող` մեծությամբ 2-րդ հէկերի համալիրը ռուսական կողմին փոխանցելու վերջին որոշմանը՝ Ի. Մուրադյանը նշեց, որ, անկասկած, դա ռազմավարական նշանակության կառույց է և կապված է ինչպես ատոմային կայանի աշխատանքում պիկերի հաղթահարման, այնպես էլ բնական գազի դիմաց Իրան էլեկտրաէներգիայի մատակարարման հետ: Բայց և՛ ատոմակայանը, և՛ Իրան-Հայաստան գազամուղը վերահսկում է Ռուսաստանը, և հնարավոր է, այդ միջոցառումներն իմաստ ունեն ոչ միայն գազամատակարարման քաղաքականության առումով, այլև առավել երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի էներգամատակարարման անվտանգության խնդիրների լուծման համար:
«Անխոս, էներգետիկ համակարգի վերահսկողությունը պահպանելը Հայաստանի համար կարևոր խնդիր է, և հնարավոր է, որ մենք ապագայում զգանք այդ ոլորտի կառույցները Ռուսաստանին հանձնելու բացասական հետևանքները, սակայն դժվար թե այդ որոշումներին այլընտրանք կար»,- նկատեց Ի. Մուրադյանը:








































