«Երկխոսությունը երկար չի տևի, ոչ մեկին դա պետք չէ և միայն հանրային կարծիքի կիզակետում մնալու խնդիր է լուծում: Տոնակատարությունները կանցնեն, էլի փորձ կարվի, հետո Նոր տարին կգա, կմոռանանք, հաջորդ տարի էլ կսկսվի ընտրությունների ժամանակը: Ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ Հանրապետականը պատրաստ չէին վաղաժամկետ ընտրությունների»,- այսօր ասուլիսում հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:
Նրա կանխատեսմամբ՝ նոր գումարման խորհրդարանում հաստատ տեղ կունենան ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն, իսկ «Ժառանգությունը» խնդիրներ ունի, քանի որ այն ավելի շատ խարսխված է իր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական իմիջի վրա: ԱԺ-ում մի տեղ թափուր է մնում՝ «կարկանդակի կտոր», որը, Ա. Ադիբեկյանի կարծիքով, կարող է մեկին հասնել, բայց նաև՝ «փշրվել մյուսների մեջ»: Խորհրդարանի թափուր տեղին հավակնում են ՄԻԱԿ-ը, ՍԻՄ-ը, որն ունի սեփական լրատվամիջոց, ինչպես նաև ՄԱԿ-ը:









































