Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի հայտարարությունը.
Վրացական իշխանությունները նոր ուսումնական տարվան ընդառաջ շարունակում են հալածանքները հայաբնակ Ջավախքում: Այդ ուղղությամբ վերջիններիս կողմից մասնավորաբար իրականացվում են ուսուցիչների ապօրինի և զանգվածային հեռացումներ դպրոցներից: Այս դեպքում համեմատաբար երիտասարդների կողքին ծիծաղելի պատճառաբանություններով հեռացվում են նաև վաստակավոր և բազմամյա մանկավարժներ, որոնց տեղերը մեկընդմիշտ բաց են մնում հայրենի դպրոցներում: Անվտանգության մարմինների ցուցումներով, Վրաստանի ԿԳՆ-ի կողմից Ջավախքի ուսուցիչների այսպիսի մասայական զտումը հետապնդում է մի քանի նպատակ: Առաջին` դիմազրկել և աստիճանաբար զոմբիացման միջոցով վրացականացնել հայ դպրոցը: Երկրորդ` կրճատված ուսուցիչների աշխատավարձերի հաշվին մասամբ բարձրացնել մնացյալների աշխատավճարը` Եվրոպական կառույցների աչքին թոզ փչելու, և դրանով իսկ «համապատասխանեցվելու» եվրոպական կրթական ստանդարտներին:
Վրացական իշխանությունները չեն կատարել նաև ՀՀ ԿԳՆ-ի հետ ձեռք բերված համաձայնության մեջ տեղ գտած պայմանավորվածությունները, որոնցից մեկով նախատեսվում էր վերականգնել նախորդ տարի կրճատված հայոց լեզվի ժամաքանակները: Այն մնացել է նույնությամբ, որն ինչպես մեծ հարված է Ջավախքի դպրոցներին` հայեցի դիմագիծը պահպանելու և զարգացնելու գործում, այնպես էլ` վիրավորական քայլ, որն ուղղված է բարեկամ-հարևան ՀՀ իշխանություններին և պատկան մարմիններին:
Արձանագրելով այս և մի շարք այլ փաստեր` հայտարարում ենք, որ Ջավախքում լարված իրադրությունը չի թուլանում, որն այս անգամ թեժացել է կրթա-մանկավարժական շրջանակներում: Իսկ այս ամենի ստեղծման և երկարաձգման պատճառ են դառնում վրացական իշխանությունների կողմից մեկը մյուսին հետևող անհեռատես և հակահայկական ծրագրերը: