Մարտի 31-ի առթիվ, որ Ադրբեջանում Հեյդար Ալիեւի հրամանագրով նշում են որպես «ադրբեջանցիների ցեղասպանության օր» այդ երկրի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիեւան հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է, որ 1918 թ. մարտի31-ին Բաքվում, Ղուբայի շրջանում, Լեռնային Ղարաբաղում, Երեւանում եւ Զանգեզուրում «կազմակերպել է ադրբեջանցիների ցեղասպանություն»: Տարիներ շարունակ ադրբեջանական քարոզչությունը պնդել է, որ ադրբեջանցիների դեմ «հանցագործություն կատարել է Ստեփան Շահումյանը՝ որպես Բաքվում բոլշեւիկյան իշխանության ներկայացուցիչ»: Հայերին վերագրվել է «օժանդակ դերակարատարություն»՝ հաշվի առնելով, որ Բաքվի կոմունայի հրամանատարությամբ գործել են հայկական ջոկատներ:
Բաքվի քարոզչությունը Ղուբայի շրջանում նույնիսկ «հայտանբերել էր լեռնային հրեաների զանգվածային թաղման վայրեր» եւ կազմակերպել Իսրայելից այցելություններ՝ ամեն ինչ վերագրելով հայկական զինված խմբերին: Սաբինա Ալիեւայի այսօրվա հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա 1918թ. մարտի 31-ին Բաքվում տեղի ունեցած բալշեւիկա-մուսավաթական զինված ընդհարումների մասին, ինչի հետեւանքով, իրոք, խաղաղ բնակչության շրջանում թե հայկական, թե թաթարական կողմից եղել են կորուստներ: Ըստ երեւույթին, դա կապված է ռուս-ադրբեջանական ներկայիս հարաբերությունների հետ, Բաքուն սրբագրում է պատմությունը՝ չցանկանալով տհաճություն պատճառել Մոսկվային, որտեղ բոլշեւիկյան անցյալի մասին քննադատական ոչ մի խոսք ընդունված չէ:
Ի՞նչ նպատակ է հետապնդում Բաքվի քարոզչությունը՝ պարզ է դառնում Սաբինա Ալիեւայի հայտարարության վերջին ընդգծումներից, երբ նա փորձ է անում միջազգային հանրությանը համոզել, որ քառասունչորսօրյա պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում «հայտնաբերվում են ադրբեջանցիների զանգվածային քաղման վայրեր»: Ըստ էության, դա Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումն արդարացնելու քարոզչություն է: Պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է, որպեսզի ղարաբաղյան առաջին պատերազմը ներկայացնի իբրեւ «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն, որ ուղեկցվել է մարդկայնության դեմ հանցագործություններով»:
Առկա իրավիճակում շատ բարդ է այդ քարոզչությունը հակակշռել, բայց դրանից չի հետեւում, թե Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը, քաղաքական ուժերը, մտավորականությունը չպետք է արձագանքեն՝ օգտագործելով նաեւ Հայաստանի դիվանագիտական հնարավորությունները: Ոչ ոք չգիտի, թե ինչ «զանգվածային թաղման վայրեր են գտնվել» Խոջալուում կամ Հադրութի շրջանի Էդիլլու գյուղում: Ադրբեջանը միջազգային ոչ մի փորձագետի չի ներգրավում՝ ներառյալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին: Զավեշտ է, երբ Խոջալուի «նախկին գորգագործարանի տարածքում հայտնաբերվում է զանգվածային թաղման վայր» եւ մեկ շաբաթ անց արդեն «մասունքներն իդենտիֆիկացվում են, ԴՆԹ-ով հաստատվում, թե ում են պատկանում»:
Այդպես միայն կեղծել կարելի է, ինչը եւ անարգել անում է Բաքուն: Ինչպես 1998թ. մարտի 31-ին Հեյդար Ալիեւն է հրամանագիր ստորագրել եւ ութ տասնամյակ առաջ Բաքվում եւ նահանգում ծավալված քաղաքացիական կռիվները սահմանել «ադրբեջանցիների ցեղասպանություն»: Այն դեպքում, երբ 1918 թ. մարտի 31-ի դրությամբ «ադրբեջանցի» էթնիկ հասկացություն չկար: Բաքվի եւ նահանգի իսլամադավաբան բնակչությունն անվանվում էր կամ մուսուլման» կամ՝ «կովկասյան թաթար»:









































