«Մեր կայանի անվտանգային համակարգը շատ բարձր մակարդակի վրա է, ու ՀՀ կառավարության կողմից հատկացվող միջոցները լիովին բավարար են եղել, նույնիսկ գերազանցել են այն չափորոշիչները` մոդեռնիզացնելու նաև այն անվտանգային համակարգերը, որոնք կան», հայտարարել է Հայաստանի ատոմակայանի տնօրեն, ԱԱԾ նախկին ղեկավար Էդուարդ Մարտիրոսյանը, որը մասնակցում է Սոչիում տեղի ունեցող Ատոմէքսպո 2024-ին, ավելացնելով, որ չի կարծում, թե Թուրքիան կարող է բարձրացնել հայկական ատոմակայանի վտանգավորության հարց:
Հայաստանի ԱԷԿ տնօրենի հայտարարությունը շատ կարեւոր է, առավել եւս ներկայիս իրողությունների ֆոնին, որոնք ներառում են նաեւ աճող ահաբեկչական ռիսկն աշխարհում ընդհանրապես: Ռուսական հայտնի Վարգոնզո տելեգրամյան ալիքը տարածել է տեղեկություն, որ Կրոկուս Սիթի Հոլի ահաբեկիչները երկու ամիս պատրաստվել են Ստամբուլին մոտ գտնվող ճամբարում: Իհարկե տեղեկությունն ուղեկցվում է նաեւ տվյալով, որ Ռուսաստանի փոխանցած տեղեկության հիման վրա Թուրքիայի իշխանությունը բացահայտել է ահաբեկիչներ պատրաստող երկու ճամբար: Հաղորդվում է նաեւ Իսլամական Պետությանն անդամակցող 40 գրոհային ձերբակալելու մասին: Բայց, հարց է առաջանում, արդյո՞ք Թուրքիայում կարող են լինել ահաբեկիչներ պատրաստող ճամբարներ, որոնց մասին պաշտոնական Անկարան տեղյակ չէ, այն էլ Ստամբուլի մերձակայքում:
Իր քաղաքական հակառակորդների ամեն քայլից եւ անցուդարձից տեղյակ Էրդողանը միթե՞ տեղյակ չէ ահաբեկիչների ճամբարից: Դժվար է հավատալ դրան: Մեծ հավանականությամբ, կամ Ռուսաստանը դրել է Անկարայի առաջ այնպիսի փաստեր, որոնցից հրաժարվելը եղել է շատ դժվար, հետեւաբար հարկ է եղել կատարել ինչ որ գործողություններ եւ ցույց տալ արդյունք, կամ Էրդողանին հաջողվել է գործարք Պուտինի հետ, ստանալով ինչ որ բան կամ խոստում, եւ դրա դիմաց ձերբակալելով Թուրքիայում պատրաստվող չորս տասնյակ ահաբեկիչ: Իհարկե բարդ է մտնել գուշակության դաշտ, թե ինչի հետ գործ ունենք հատկապես, սակայն այս գործընթացները հուշում են, որ համաշխարհային պատերազմի թափ հավաքելու ֆոնին, կարող է նաեւ թափ հավաքել այդ պատերազմի մի նոր բաղադրիչ, կամ ակտիվացվել մի նոր «գործիք»՝ միջազգային ահաբեկություն, որի «օրրաններից» մեկն ակնհայտորեն Թուրքիան է:
Եվ այստեղ կասկածից վեր է, որ Հայաստանից պահանջվելու է չափազանց մեծ ուշադրություն ու զգոնություն, առավել եւս այն պարագայում, երբ օրինակ կարող են լինել այնպիսի «անակնկալներ», ինչպես մարտի 24-ին տեղի ունեցավ Նոր Նորքի ոստիկանության դիմաց: Ինչպես նշել եմ, այդօրինակ, առաջին հայացքից անլուրջ միջադեպերը գործնականում կարող են ունենալ ավելի լուրջ նախապատրաստության նշանակություն՝ զգոնությունը բթացնելու տրամաբանությամբ: Միեւնույն ժամանակ, լավ պատկերացնելով, որ ինչպիսի քաղաքական եւ անգամ աշխարհաքաղաքական նշանակություն ունի Հայաստանում միջուկային էներգետիկայի առկայությունը, նաեւ դժվար չէ պատկերացնել, թե անգամ ամենափոքր միջադեպն անգամ՝ թեկուզ ատոմակայանի «ցանկապատի» մոտ, ինչպիսի քարոզչական ալիքների են ծառայեցնելու այն սուբյեկտները, որոնց հանգիստ չի տալիս Հայաստանում ատոմակայանի առկայությունը, Հայաստանի՝ թեկուզ խաղաղ ատոմի երկրի կարգավիճակ ունենալու հանգամանքը:









































