Քադաֆիի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց հաջողվել է ձերբակալել 17 վարձկանների, որոնք պատերազմում էին ապստամբների կողմից: Նրանց թվում են ֆրանսիացի և բրիտանացի տեխնիկական փորձագետներ: Այս մասին հաղորդել է սիրիական Al-Ray հեռուստաալիքը. «Բանի Վալիդում ձերբակալվել է մի խումբ, որը բաղկացած է 17 վարձկաններից: Նրանք տեխնիկական փորձագետներ են և հրահանգավորող սպաներ»,- ասել է Քադաֆիի ներկայացուցիչը սիրիական հեռուստաալիքին:
Նա պարզաբանել է, որ ձերբակալվածներից շատերը ֆրանսիացիներ են, երկուսը` բրիտանացի, քաթարցի սպա և մեկ ասիացի, որի քաղաքացիության մասին չի հաղորդվում: Բրիտանիայի, Ֆրանսիայի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն այս տեղեկությունը հերքում են:
Հիշեցնենք, որ անցած երկու օրերի ընթացքում ապստամբները ստիպված են եղել նահանջել Բանի Վալիդ և Սիրթ քաղաքներից, քանի որ Քադաֆիին հավատարիմ ուժերը լուրջ հակահարված են հասցրել նրանց:











































