ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը, երեւում է, Բաքվում առանձնակի հաջողության չի հասել: Մամուլի համար նրա հայտարարության ակնարկը, որ Ադրբեջանին «երախտագիտություն է հայտնում Ուկրաինային մարդասիրական օգնության համար» ավելի շատ կշտամբանքի տպավորություն է թողնում: Նույն օրը «Նյու-Յորք թայմսը» ծավալուն հոդված է հրապարակել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի վերաբերյալ եւ գնահատել, որ այն Ռուսաստանին ոչ միայն ձերբազատում է արտաքին ապրանքաշրջանառության լոգիստիկայի հարցում արեւմտյան կախվածությունից, այլեւ «կարող է Սուեզի ջրանցքին այլընտրանք լինել»:
Ամերիկյան հեղինակավոր պարբերականն, ընդ որում, Ռուսաստան-Ադրբեջան-Իրան-Հնդկաստան տրանսպորտային միջանցքի մասին խոսում է ոչ այնքան որպես նախագծի, որքան՝ արդեն համաձայնեցված հաղորդուղու մասին: Ըստ հեղինակի, մոտակա ամիսներին կսկսվի Ռեշտ-իրանական Աստարա երկաթուղային հատվածի կառուցումը, որի համար Ռուսաստանն Իրանին 1,4 միլիարդ դոլար է հատկացրել: Նախագծային արժեքի մյուս մասը՝ 400 միլիոն դոլարը, կհատկացնի Իրանը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում այդ թեման շոշափե՞լ է: Թվում է՝ ոչ կամ Ալիեւը հասկացրել է, որ «թեման փակված է»:
Նման ենթադրության կարելի է գալ՝ նկատի ունենալով, որ Մոսկվայում ՌԴ նախագահի ընտրությունների նախնական արդյունքները հրապարակելուց ժամեր անց Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը: Ալիեւը Պուտինին շնորհավորել է նրա հաղթանակը եւ նախագահի պաշտոնում հաջողություններ մաղթել՝ «հանուն երկրի զարգացման եւ բարգավաճման»: Կողմերը վստահություն են հայտնել, որ «երկու երկների միջեւ դաշնակցային հարաբերությունները եւ ռազմավարական համագործակցությունը այսուհետ եւս կամրապնդվեն»:
Փաստացի արձանագրվում է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը դաշնակիցներ եւ ռազմավարական գործընկերներ են, ունեն սերտ համագործակցություն, որն առաջիկայում ավելի կխորանա եւ կամրապնդվի: Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո Իլհամ Ալիեւը հայտնվել է Ստեփանակերտում, բռնատեղահանված Արցախի ամայի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում վառել Նավրուզի խարույկը եւ Ադրբեջանի ժողովրդին տոնական շնորհավորանք հղել: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո Ալիեւը թույլ է տվել նրան ասել, թե ինչպես կարելի է կարգավորել ձգձգվող հակամարտությունները՝ բերելով իր օրինակը:
ՆԱՏՕ-ի համար այս փուլում գերխնդիր է Ուկրաինան, իսկ պատերազմի ֆորմալ առիթը Դոնբասի հակամարտությունն է Կիեւի կենտրոնական իշխանության հետ: Ռուսաստանը հանդես է գալիս որպես Դոնբասի ռուս եւ ռուսախոս բնակչությանը «ցեղասպանությունից փրկող» եւ եթե հասնի ռազմական հաջողության, ապա կհայտարարի, որ խնդիրը վերջնականապես եւ առմիշտ լուծված է: Ալիեւն արդեն ասում է, որ «ղարաբաղյան հարցը փակված է»: Բայց եթե ուշադիր հետեւում ենք, Ստեփանակերտ նրա ուղեւորությունը հաջորդում է Ռուսաստանի նախագահի հետ շփումներին:
Այս համատեքստում Ալիեւը Նավրուզի՞ խարույկ է վառել, թե՞՝ ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների եւ ռազմավարական համագործակցության: Ըստ երեւույթին, դա խիստ խորհրդանշական արարողություն է, գրեթե՝ ծիսական կարգ: Ավելի վաղ Բաքվում Իրանի իսլամական հանրապետության դեսպան X (նախկին Թվիթեր) սոցիալական ցանցում գրառում էր արել, որ Նավրուզի տոնակատարության շրջանակներում տեղի կունենա Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում՝ իրանա-ադրբեջանական սահմանի Հոդափերինի կամրջին հարող հատվածում: «Նյու-Յորք թայմսի» հոդվածագիրը հատուկ շեշտադրել է, որ Ռուսաստանը «դեպի Իրան եւ Թուրքիա ելքի ձգտում նաեւ Հայաստանի տարածքով»: Ամերիկյան պարբերականն ընդգծում է, որ երկաթուղու՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածը խորհրդային շրջանում ենթարկվել է Ադրբեջանի երկաթուղիների վարչությանը, իսկ ներկայումս Հայաստանի երկաթուղիները կոնցեսիոն կառավարման է հանձնված Ռուսաստանին:









































