Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս Կանը հայտարարել է, որ հրաժարվում է առաջադրվել Ֆրանսիայի հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ՝ որպես թեկնածու, սակայն նախկինում նման մտադրություն ունեցել է: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Այո, ես կցանկանայի լինել թեկնածու: Ես կարծում էի, որ իմ դիրքն ԱՄՀ-ում ինձ թույլ է տվել նորովի նայել Ֆրանսիայի իրադրությանը, նրա դժվարություններին և առավելություններին գլոբալացման ֆոնին: Սակայն այդ ամենն անցյալում է, ես, միանշանակորեն, այլևս թեկնածու չեմ: Թեպետ կարծում եմ, որ ձախերի հաղթանակը մեր երկրում անհրաժեշտություն է»,- TF1 հեռուստաալիքին ասել է Ստրոս Կանը:
Սեռական ոտնձգության մեղադրանքով այս տարվա մայիսին Նյու Յորքում ձերբակալվելուց, ապա մեղադրանքների հերքումից հետո ազատվելուց հետո Ստրոս Կանն առաջին հրապարակային ելույթն է ունեցել ֆրանսիական հեռուստատեսությամբ: