Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 6-ին այց է կատարել Իրանի Իսլամական հանրապետություն: Իրանի հետ հարաբերության կարեւորության մասին խոսելը թերեւս դարձել է միանգամայն ավելորդ: Միաժամանակ, հարկ է նկատել, որ Իրան այցը տեղի է ունենում այն բազմաճյուղ զարգացումների ֆոնին, որ Հայաստանի արտաքին քաղաքական այցերի «աշխարհագրության» առումով ծավալվում է հայ-ֆրանսիական երկօրյա ինտենսիվ շփումներից հետո:
Ի դեպ հատկանշական է, որ Հայաստանի պաշտպանության նախարարի այցին զուգահեռ, հրապարակվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հարցաազրույցը, որտեղ դեսպան Դըկոտինյեն նշում է, որ Ֆրանսիան Իրանի հետ ունի բազմաթիվ տարաձայնություններ, սակայն Հայաստանի տարածքային ամբողջության ու ինքնիշխանության հարցում համակարծիք է Իրանի հետ: Հայաստանի հարցում ֆրանս-իրանական գործակցության հնարավորության, հեռանկարի վերաբերյալ ինքս խոսել եմ դեռեւս մեկ տարի առաջ, երբ տեղի էին ունենում Թեհրան-Փարիզ շփումներ թե նախագահական, թե արտգործնախարարական մակարդակներում: Ավելին, գրեթե մեկ տարի առաջ, երբ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն այցելել էր Չինաստան, Պեկինում էր նաեւ Իրանի արտգործնախարարը եւ այնտեղ տեղի էր ունեցել արտգործնախարարների հանդիպում՝ Կոլոնա-Աբդոլահիան:
Ընդ որում, հատկանշական է, որ հանդիպումը տեղի էր ունեցել Չինաստանում: Հայաստանի հարցում Իրանի եւ Ֆրանսիայի համակարծիք լինելը պայմանավորված է ավելի լայն համատեքստով: Իհարկե բարդ է ասել, թե ինչ աստիճանի զարգացում կարող է ունենալ հնարավոր գործակցությունը, բայց բավականին շոշափելի է, որ երկու կողմի համար էլ այն ունի ռազմավարական նշանակություն առնվազն Կովկասում թուրք-ադրբեջանական գերակայությունը կանխարգելելու նկատառումով, որը թե Իրանին, թե Ֆրանսիային ռազմավարական մեծ մարտահրավեր է ոչ միայն կովկասյան ուղղությամբ: Հույժ կարեւորության մյուս հանգամանքը անշուշտ տրանսպորտային հաղորդակցության հարցն է:
Ֆրանսիան ձգտում է հեռավոր Արեւելքն ու միջինասիական ռեգիոնը կապել Եվրոպայի հետ, ու այդ կապը, ըստ այդմ նաեւ դրանից բող աշխարհաքաղաքական կշիռն ապահովելու համար Փարիզին անհրաժեշտ է, որպեսզի այն տեղի ունենա Հայաստանի տարածքով: Իսկ ճանապարհները Հայաստանի տարածծք պետք է մտնեն կամ Իրանից, կամ Ադրբեջանից: Եթե Փարիզն ուզում է կախված չլինել իր ռազմավարական առանցքաին մրցակիցներից մեկից՝ Թուրքիայից, եւ չունենալ նաեւ մրցակցային այլ կախվածություններ, թերեւս ունի մեկ տարբերակ՝ պայմանավորվել Իրանի հետ, իհարկե ոչ միայն: Իրանի համար Հայաստանի տարածքը եւս հաղորդակցային կարեւոր այլընտրանք է:
Սրանք ուժեղ գործոններ են, որոնք մոտիվացնում են Ֆրանսիային ու Իրանին՝ Հայաստանի հարցում աշխատելու համար: Շատ կարեւոր է սակայն, թե Հայաստանն ինչ դեր ունի այդ աշխատանքի հեռանկարում, պարզապես տարա՞ծք է, թե՞ սուբյեկտ, որն ունի այդ աշխատանքի բովանդակության եւ օրակարգի ձեւավորման գործում էական մասնակցության հնարավորություն, այլ ոչ թե պարզապես այդ ամենի քարոզչական սպառող:









































