Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը հայտարարել է, որ ապստամբները կարողացել են գրավել Սիրթ քաղաքի օդանավակայանը, սակայն քաղաքն առայժմ վերահսկում են Քադաֆիի կողմնակիցները: Ինչպես նշում է Euronews-ը, Սիրթը երեք կողմից շրջապատված է ապստամբական ուժերով, սակայն հակառակորդի դիմադրությունը չափազանց ուժեղ է:
Նախօրեին ապստամբները մեծ ուժերով նոր հարձակում էին սկսել Սիրթի վրա, սակայն քադաֆիականները նրանց դիմավորել էին հրթիռակոծությամբ: Քաղաքում մարտերը շարունակվում են:
Հիշեցնենք, որ երեկ Մուամար Քադաֆիի ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը մեղադրել էր NATՕ-ի ուժերին Սիրթի ռմբակոծության հետևանքով միայն մեկ օրում 354 խաղաղ բնակչի սպանության մեջ, ինչին ի պատասխան NATO-ն պաշտոնապես հերքել էր այդ տեղեկատվությունը: Իբրահիմը նշել էր, որ Սիրթում վերջին 17 օրերի ընթացքում NATO-ի ռմբակոծությունների արդյունքում զոհվել է ավելի քան 2000 մարդ: Ինչպես նշում է BBC-ն, այս տեղեկությունները անհնար է ճշտել, քանի որ անկախ աղբյուր պարզապես չկա, Սիրթը վերահսկվում է քադաֆիականների կողմից, իսկ քաղաքը զրկված է կապի միջոցներից:




































