Երբ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահի Թուրքիա այցը հետաձգվում է, հիմնական պատճառ նշվեց երկու երկրներում նախընտրական վիճակը: Բայց տեղական ընտրություններով ծանրաբեռնվածությունը չխանգարեց, որ Թուրքիայի նախագահը մեկնի Եգիպտոս: Ընդ որում, Էրդողանի հակակրանքը Եգիպտոսի նախագահի նկատմամբ ոչ ոքի համար գաղտնիք չէ. գեներալ աս-Սիսին է տապալել «մուսուլման եղբայրների» իշխանությունը, իսկ Էրդողանը ոչ պաշտոնապես համարվում է այդ «շարժման կնքահայրը»:
Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցը փոխանցել է ԱՄՆ Յուտայի համալսարանի պրոֆեսոր Հաքան Յավուզի՝ հայ-ադրբեջանական կարգովորմանը նվիրված հոդվածի առանցքային դիտարկումները, ինչից հասկացվում է, որ Թուրքիան Կովկասի հարցում Ռուսաստանի հետ մտնում է մրցակցության փուլ: Խոսելով հայ-ադրբեջանական պայմանագրի երաշխավորության մասին, նա ակնարկում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են Հայաստանի համար «բարենպաստ միջավայր ստեղծել» եւ որպես առաջին քայլ է տեսնում Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացումը:
Թուրքիայի պաշտոնական շրջանակներում կա՞ն նման քննարկումներ, Անկարան փորձու՞մ է Բաքվին համոզել, որ Հայաստանի հետ բանակցություններում ուժի սպառնալիքն արդյունավետ չէ՝ մնում է ենթադրել, բայց որ Թուրքիան աշխարհաքաղաքական ընտրության մեջ փորձում է ապահովագրվել Արեւմուտքից, կարծես, նկատելի է: Հակառակ դեպքում Էրդողանը Եգիպտոսի «անցանկալի» նախագահի մոտ չէր մեկնի՝ վնասելով «մուսուլման եղբայրների կնքահոր» իր տարածաշրջանային հեղինակությունը, որ տեղական ընտրություններում նրան բոլոորվին պետք չէր:
Հաքան Յավուզը գրում է, որ հայ-ադրբեջանական պայմանագրին Եվրամիության երաշխավորությանը «դեմ են Ադրբեջանը եւ Ռուսաստանը»: Նա, ըստ երեւույթին, որոշակիորեն ապահովագրում է Թուրքիային, բայց նաեւ բացառված չէ, որ Անկարան առեւտրա-տնտեսական եւ ֆինանսական պրեֆերենցիաների դիմաց կարող է Բրյուսելի հետ համաձայնությունների գնալ: Ի վերջո, հայ-ադրբեջանական կարգավորումը որքան Եվրամիությանը, նույնքան կամ նույնիսկ առավել եւս Թուրքիային է ձեռնտու:
Խնդիրն, ըստ երեւույթին, այն է, թե ի՞նչ հավակնություններ ունի Իլհամ Ալիեւը: Դատելով թուրք քաղաքագետի դիտարկումներից, Թուրքիայի համար նախընտրելի է հայ-ադրբեջանական համաձայնություն, որ օրակարգից կհանի Լեռնային Ղարաբաղի քաղաքական հարցը, կներառնի անկլավների փոխանակություն, սահմանազատման հարցը կթողնի ապագային եւ տարածաշրջանային ծրագրերին Հայաստանի ներգրավվածություն կապահովի: Որքանո՞վ է այս տեսլականը քննարկվել Ալիեւի հետ կամ արդյոք դա մո՞տ է Անկարայի պաշտոնական մոտեցումներին՝ այլ հարց է:
ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը, ապա եւ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան մասնակիորեն հրապարակայնացրել են Մոսկվա-Բաքու շատ բարդ քննարկումները: Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Միրկադիրովը տարակուսում է, թե Ռուսաստանն «ի՞նչ գործ ունի,, Լեռնային Ղարաբաղի հայերի հետ: Հաքան Յավուզը հասկացնում է, որ այդ թեման «Ադրբեջանի համար բացարձակես անընդունելի է»: Անկարան Մոսկվա-Բաքու քննարկումներին անհամաձայնությու՞ն է հայտնում: Պուտինի Թուրքիա այցի հետաձգման պատճառներից մեկն էլ դա՞ է: Մոսկվան զգուշավորություն ունի, որ Թուրքիա՞ն է իրեն Կովկասից դուրս մղում:
Միրկադիրովն ասում է, որ Ուկրաինայի մասին Պուտինի պատմական էքսկուրսի հասցեատերը հետխորհրդային բոլոր երկրներն են: Իհարկե՝ առաջին հերթին Ադրբեջանը, որ առհասարակ պատմա-քաղաքակրթական ինքնություն չունի: Հաքան Յավուզը գրում է, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվում է «չենթարկվել ազգայնական ճնշումներին»: Իսկ եթե Մոսկվան հովանավորի՞: Միրկադիրովը մտավախություն ունի, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում «նախկին շփման գիծը վերականգնելու ծրագիր է մշակում» եւ զարմացած է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն «շատ ծուլորեն է արձագանքում» Գալուզինի եւ Զախարովայի հայտարարություններին:









































