ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խստորեն քննադատել է երկրի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին՝ ՆԱՏՕ-ի մասին վերջին հայտարարության համար: Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն:
«Պատկերացնու՞մ եք, որ Միացյալ Նահանգների նախկին նախագահը նման բան ասի: Դա լսեց ամբողջ աշխարհը: Դա հիմարություն է, դա ամոթալի է, դա վտանգավոր է, դա ամերիկյան ոճով չէ: Ես երբեք նման բան չեմ անի»,- հայտարարել է Բայդենը՝ պատասխանելով Թրամփի հնչեղ մեկնաբանությանը:
Վերջինս փետրվարի 10-ին Հարավային Կարոլինայում կայացած հանրահավաքում հայտարարել էր, որ իր վերընտրվելու դեպքում ԱՄՆ-ը ոչ միայն չի պաշտպանի Հյուսիսատլանտյան դաշինքին անդամավճար չկատարող ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, այլ հակառակը՝ կխրախուսի Ռուսաստանին «անել այն, ինչ նա ուզում է», եթե ռուսական կողմը որոշի գրոհել տվյալ երկիրը: «Դուք պետք է վճարեք հաշիվը», – ընդգծել է Թրամփը:
Փետրվարի 11-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հավաստիացրել էր, որ ռազմական սպառնալիքի դեպքում դաշինքը «պատրաստ է, և հնարավորություն ունի պաշտպանելու բոլոր դաշնակիցներին»։











































