Փետրվարի 14-ին պաշտոնանկ է եղել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Թե որն է նրա պաշտոնանկության պատճառը, գոնե առայժմ հայտնի չէ, թեեւ Հայաստանում հայտնի է պաշտոնանկությունների «չբացատրվելու» պրակտիկան: Այսինքն, անկախ պաշտոնյայի տրամաչափից, որեւէ էական պաշտոնյայի հեռացում կամ հրաժարական հանրությանը չի բացատրվում, չեն ներկայացվում դրա հստակ պատճառներ: Վահան Քերոբյանի պարագայում սակայն մեծ հավանականությամբ պատճառ լայնորեն դիտարկվելու է այն կոռուպցիոն աղմկոտ գործը, որի մասին հայտնի դարձավ օրեր առաջ՝ էկոնոմիկայի նախարարությունում իրավապահների իրականացրած խուզարկությունից, ձերբակալություններից հետո:
Այդ գործը պատճա՞ռ, թե՞ առիթ է Քերոբյանի պաշտոնանկության համար, կամ գուցե՝ ֆո՞ն: Համենայն դեպս, դատելով Քերոբյանի այսպես ասած հրաժեշտի հայտարարությունից, հարցը ներիշխանական հարաբերությունների դաշտում է: «Երբ 2020 թ. նոյեմբերի 20-ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր։ Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքը իմ երկրին», հայտարարում է արդեն պաշտոնանկ եղած նախարար Քերոբյանը:
Արդյո՞ք նրա այդ հայտարարության մեջ չկա ակնարկ, որ իր հեռացումը անձնավորված որոշում է, իսկ այն կայացնողները՝ չեն կարողացել վեր կանգնել անձերից, ի տարբերություն իրեն: Եթե կա այդ ակնարկը, ապա կնշանակի, որ այն ուղղված է վարչապետ Փաշինյանին, քանի որ հազիվ թե որեւէ այլ մարդ է նախարարի պաշտոնանկության որոշման «տերը»: Հարցն այն է, թե ի՞նչ մարդիկ են նպաստել այդ որոշման ձեւավորմանը: Անշուշտ, ներիշխանական այդ հանգամանքների դիտարկումը բոլորովին չի նշանակում, թե Վահան Քերոբյանն էկոնոմիկայի իսկապես ուժեղ մի նախարար էր, որի գործունեությունն անխոցելի էր եւ չէր կարող տալ ավելի լավ արդյունքի ակնկալիք: Սակայն, գործնականում թերեւս բացառվում է պատճառների շարքում արդյունավետության հանգամանքը, քանի որ այդ դեպքում հարկ կլինի պաշտոնանկ անել կառավարությունը եւ կառավարող մեծամասնությունն ընդհանրապես:
Միեւնույն ժամանակ, նախարարի հեռացումը նաեւ այն «արտահերթ սցենարի» տրամաբանության շրջանակում է, որ ակնհայտորեն գոնե «նախավարժանքի» փուլ է բերել Նիկոլ Փաշինյանն արդեն ամիսներ: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու դեռեւս ամիսներ առաջ, այդօրինակ մտադրության պարագայում նրան անհրաժեշտ է լինելու պաշտոնանկություններ, այդ կերպ փորձելով լուծել որոշակի քաղաքական հարցեր: Մյուս կողմից, այստեղ թերեւս հարկ է դիտարկել եւ այն, թե ի՞նչ կանի Քերոբյանը պաշտոնանկությունից հետո՝ կվերադառնա բիզնեսի դա՞շտ, որտեղից եկել էր նախարարի պաշտոնին, թե՞ կմնա քաղաքականության մեջ եւ կդառնա այսպես ասած «այլընտրանքային» ուժի ձեւավորման նոր հավակնորդ, որ սերած կլինի 2018-ից հետո ձեւավորված իշխանությունից:









































