Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հրավիրել է ընդունելություն, որին մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու սպասավորներ, մտավորականներ, սպորտի բնագավառի ներկայացուցիչներ:
Նախագահի հրամանագրերով ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ Հայ առաքելական եկեղեցու մի խումբ բարձրաստիճան հոգևոր այրեր, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում ակնառու նվաճումների հասած և համընդհանուր ճանաչման արժանացած մի խումբ անձինք պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության շքնաշաններով և մեդալներով:
Պատվավոր կոչումների և պարգևների մի մասը Հանրապետության ղեկավարի կողմից հանձնվել է այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ մինչ տոնական ընդունելությունը:
Նախագահը շնորհավորել է պետական բարձր պարգևների արժանացածներին և մաղթել հաջողություններ:









































