Իտալիայի Թուրին քաղաքի անչափահասների գործերով դատարանը որոշում է կայացրել մեկուկես տարեկան Վիոլա Դիմբրոզիսին իր ծնողների խնամքից զրկելու մասին, քանի որ վերջիններս «շատ ծեր են»: Այս մասին հայտնում է ANSA-ն:
Վիոլայի ծնողները` 57-ամյա Գաբրիելան և 70-ամյա Լուիջին, երկար ժամանակ չէին կարողանում երեխաներ ունենալ, և միայն երկուսուկես տարի առաջ պարզ դարձավ, որ Գաբրիելան վերջապես երեխա է սպասում: Երեխան իր ծնվելուց անմիջապես հետո որդեգրվեց այլ մարդկանց կողմից, իսկ դատարանը որոշեց թույլատրել երեխայի իրական ծնողներին այցելել նրան ամսական ընդամենը 2 անգամ:
Թուրինում այս պատմությունը հասարակական բուռն քննարկումների առիթ էր դարձել, և այսօր դատարանը դրեց այս հարցի վերջակետը: Դատարանի որոշման մեջ ասվում է, որ երեխան, ով ծնվել է արհեստական բեղմնավորման շնորհիվ, գիտության զարգացման հետևանք է, իսկ նրա ծնունդը «ծնողի կողմից բնության օրենքներով սահմանված պարտականությունների արհամարհում»: Դատարանը վճռել է զրկել ծնողներին երեխայի խնամքից` նշելով, որ նրանք հաշվի չեն առել այն հանգամանքը, որ իրենց տարիքի պատճառով երեխան ստիպված որբ է մնալու վաղ հասակում:









































