Հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ամենահեղինիկավոր ոչ կառավարական կազմակերպությունը՝ Ընտրությունների դիտարկման եւ ժողովրդարության գնահատման կենտրոնը բոյկոտել է նախագահական ընտրությունները եւ դիտարկում չի իրականացնի: ԿԸՀ հրավերը մերժել են նաեւ մի քանի այլ ՀԿ-եր: Քաղաքական մեկնաբան Սուլեյմանլին համարում է, որ բոյկոտը պայմանավորված է իշխանություններից ոչ կառավարական կազմակերպությունների զգուշավորությամբ: Հիմնականում դրամաշնորհների հաշվին գործող կառույցները չեն կարող կեղծել, իսկ իրական պատկերը ներկայացնելու դեպքում կենթարկվեն հետապնդումների եւ բռնությունների:
Նախագահական ընտրությունները բոյկոտել են նաեւ առաջատար քաղաքական ուժերը՝ «Մուսավաթ» եւ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունները, հայտարարություն է տարածել այսպես կոչված՝ Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը, որ ընտրողներին կոչ է արել չմասնակցել քվեարկությանը: Ըստ երեւույթին, արտահերթ ընտրությունների նկատմամբ հանրային վերաբերմունքն իներտ է: Մամուլը նախագահի թեկնածուների քարոզարշավի մասին տեղեկություններ գրեթե չի փոխանցում:
Հանրային ապատիայի վկայություն կարելի է համարել ԿԸՀ որոշումը, ըստ որի Ադրբեջանում վերականգնվում է «շրջիկ քվեատուփերի» խորհրդային ավանդույթը: ԿԸՀ նախագահն այդ որոշումը բաացտրել է նրանով, որ ծեր եւ հիվանդ մարդկանց «քվեարկության իրավունքը պետք է ապահովվի»: Բայց պաշտոնապես վեց միլիոն ընտրող ունեցող երկրում ծեր եւ հիվանդ մարդկանց քվեարկության մասնակցել-չմասնակցելն էական նշանակություն չունի: Ամենայն հավանականությամբ՝ «շրջիկ քվեատուփերը» պետք է ապահովեն մասնակիցների անհրաժեշտ քանակ:
Հայտնի է, որ Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն Ադրբեջանի նախագահական արտահերթ ընտրություններին դիտորդներ չեն ուղարկի: Միջազգային կառույցներից միայն ԵԱՀԿ-ն դիտորդներ կունենա, բայց հիմնականում պոստխորհրդային երկրներից: Խորհրդարանական դիտորներ կլինեն նաեւ Ռուսաստանի պետդումայից, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովից եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովից: Նախնական տեղեկություններով՝ քվեարկության օրը Բաքվում կգտնվի Վրաստանի ԿԸՀ նախագահը:
Ալիեւի «վերընտրությունը» կասկածից դուրս է, քվեարկության արդյունքները հազիվ թե բողոքարկվեն կամ կազմակերպվեն բողոքի ակցիաներ: Ըստ երեւույթին, բարդ է լինելու հետընտրական կամ «որակապես նոր իշխանության» ձեւավորման փուլը: Փորձագիտական շրջանակներում տպավորություն կա, որ Ալիեւը «սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի»: Եկող տարի պետք է խորհրդարանի ընտրություններ անցկացվեն: Որոշ դիտարկումներով՝ կա պայմանավորվածություն, որ քաղաքական ուժերի լոյալության դիմաց նրանք նոր խորհրդարանում եւ գործադիր իշխանության կառույցներում «կստանան արժանի ներկայցվածություն»:
Ինչպե՞ս է հաղթահարվելու իշխանության նոր քվոտավորման փորձությունը, ինչի՞ շուրջ է հնարավոր հասնել իրական հանրային-քաղաքական համերաշխոության: Կարծես թե իրողություն է, որ ընթացիկ տարում հայ-ադրբեջանական հաշտություն չի կայանալու: Ալիեւն իր «երկաթե բռունցքի» մանդատն ինչի՞ է ծառայեցնելու: Ներքին վերափոխումների՞, թե արտաքին էքսպանսիվ քաղաքականությա՞նը:








































