Նախօրեին կայացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թբիլիսի: Տեղի է ունեցավ նրա հանդիպումը Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի հետ: Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ ուկրաինական թիրախավորումներից խուսափելու նպատակով Ռուսաստանը Սեւծովյան նավատորմի երկրորդ հենակայան է ստեղծում Օչամչիրիայում, որ միջազգայնորեն ճանաչված է որպես Վրաստանի տարածք: Ստեղծվում է չափազանց դելիկատ իրավիճակ. Եթե Ուկրաինան հարվածներ հասցնի այդ նոր հենակայանին, կստացվի, որ արեւմտյան կոալցիան թիրախավորում է ԵՄ անդամության թեկնածու Վրաստանի տարածքը:
Վրաստանի ԱԳՆ-ն Օչամչիրայում ռազմական հենայական ստեղծելու Ռուսաստանի մտադրությունը դատապարտել է, բայց փաստացի Թբիլիսին հակընդդեմ քայլ ձեռնարկելու ոչ միայն բավարար ռեսուրս, այլեւ, թերեւս, քաղաքական մտադրություն չունի: Հակառակ դեպքում կպահանջեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել եւ Մոսկվային քաղաքական անհարմարություններ կպատճառել:
Այս իրավիճակում մամուլը տեղեկացվել է, որ Չինաստանը Վրաստանի կառավարության հետ բանակցություններ է վարում, որպեսզի ստանա Անակլիա նավահանգստի կառուցման արտոնությունը: Վրացական ընդդիմությունը Ղարիբաշվիլիի կառավարությանը քննադատում է Անակլիայի նախագիծը «միտումնավոր տապալելու» մեջ եւ եզրակացնում, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը «հրաժարվում է եվրաինտեգրման ուղեգծից»: Այս տարի Վրաստանում սպասվում են խորհրդարանական եւ նախագահի ընտրություններ: Փորձագետները համարում են, որ «ռուսաստանցի միլիարդատեր» Բիձինա Իվանիշվիլին կառաջադրվի նախագահի թեկնածու, իսկ «Ղարիբաշվիլին կհեռանա վարչապետի պաշտոնից»:
Ընտրությունների արդյունքներն, ինչ խոսք, դժվար է կանխատեսել կամ գնահատել կանխորոշված, բայց որ Վրաստանը մտնում է ներքին եւ արտաքին քաղաքական վերադասավորումների նոր փուլ՝ կարծես վիճելի չէ: Մի քանի ամսից Վրաստանը կմտնի նախընտրական ռեժիմի մեջ: Մինչեւ եկող տարեսկիզ, ըստ այդմ, Թբիլիսին լինելու է «կաղ բադիկ»: Գործող իշխանությունը կենտրոնանալու է գերազանցապես ներքին իրավիճակը գոնե «ձեռքի կառավարման ռեժիմում» պահելու վրա:
Դրանից, իհարկե, չի հետեւում, թե հայ-վրացական երկխոսությունում պետք է պաուզա պահել եւ սպասել, թե համապետական ընտրություններով Թբիլիսիում ինչ որակի իշխանություն կձեւավորվի: Բայց մեծ ակնակլիքներ, երեւի, չպետք է ունենալ: Վրաստանն ինքը «կաշկանդված է» Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բազմաշերտ եւ բազմապլան հարաբերություններով: Դրանց կարող է գումարվել Չինաստանի «փափուկ ուժի» ներկայությունը: Վրաստանը տարեվերջին կարող է կանգնել լրջագույն ընտրության շեմին:








































