Ֆրանսիայի նախագահ Մակրոնը՝ արտաքին գործերի նորանշանակ նախարարի, պաշտպանության եւ մշակույթի նախարարների հետ, գործարարներից եւ մշակույթի գործիչներից կազմված պատվիրակությամբ Պետական այցով ժամանել է Դելի: Մակրոնը Հնդկաստանի վարչապետի հրավերով ներկա է լինելու Հնդկաստանի ազգային տոնին նվիրված միջոցառումներին, որպես պատվավոր հյուր: Հատկանշական է, որ մի քանի ամիս առաջ՝ 2023 թվականի հուլիսի 13-14-ին Պետական այցով Ֆրանսիայում էր Հնդկաստանի վարչապետ Մոդին, որը Պատվավոր հյուր էր Ֆրանսիայի ազգային տոնի առիթով: Ընդ որում, այդ այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Հնդկաստանի վարչապետին պարգեւատրել է Ֆրանսիայի պետական բարձրրագույն պարգեւով՝ Պատվո լեգեոնի Օրդենի Մեծ խաչով:
Ըստ էության, Ֆրանսիայի նախագահն այժմ Դելի է ժամանում պատասխան հրավերով ու այցով: Անկասկած է, որ ինչպես Հնդկաստանի վարչապետի Ֆրանսիա կատարած այցի, այդպես էլ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի Հնդկաստան այցի ընթացքում քննարկվող հարցերի շրջանակը լինելու է շատ լայն եւ ընդգրկուն, ինչի մասին վկայում է Ֆրանսիայի նախագահի պատվիրակության բավականին ներկայացուցչական կազմը: Հնդկաստանը հավակնում է լինել թե եվրասիական ռեգիոնի, թե ընդհանրապես համաշխարհային քաղաքականության աճող դերակատարությամբ խաղացող, որի հետ գործակցությունն անշուշտ կարեւոր է դառնում թե աշխարհաքաղաքականության հիմնական, գերակա խաղացողների համար՝ որոնց շարքում իր տեղը պահպանելու խնդիր է փորձում լուծել Ֆրանսիան, թե ավելի նվազ եւ ընդհանրապես համեստ դերակատարում ունեցող սուբյեկտների համար, ինչպիսին օրինակ Հայաստանն է: Այդ համատեքստում, Ֆրանսիա-Հնդկաստան հարաբերության գործընթացը անկասկած շոշափում է նաեւ Հայաստանը:
Ինչպիսին է բովանդակությունը, ասելը բավականին բարդ է: Անկասկած է այն, որ թե Հնդկաստանը, թե Ֆրանսիան Հայաստանը դիտարկում են Կովկասով անցնող երթուղիների հարցում իրենց համար կարեւոր այլընտրանք, որը թույլ կտա նաեւ ավելի բարձրացնել աշխարհաքաղաքական կենսունակությունը: Այստեղ սակայն էական է լինելու Իրանի դիրքորոշումը, հետեւաբար՝ ֆրանս-իրանական հարաբերությունը, որն այսօր ըստ էության գոնե հրապարակային առումով կարծես թե խիստ համեստ է: Միեւնույն ժամանակ, այդ իմաստով շատ կարեւոր է լինելու հարաբերաակցությունը ռուս-իրանական հարաբերության հետ, որը շարժվում է դեպի երկկողմ մեծ պայմանագիր: Միեւնույն ժամանակ, կա թերեւս այն հանգամանքը, որ Ֆրանսիայի ու Հնդկաստանի պատկերացումներն ու գնահատումները տարբեր են Ադրբեջանի հանդեպ:
Սակայն, իհարկե միամտություն կլինի համարել, որ Ֆրանսիա-Հնդկաստան փոխհարաբերության, քննարկումների առանցքում Կովկասն է: Այդտեղ առանցքային դեր ունեն թերեւս Կենտրոնական Ասիան ու Մերձավոր Արեւելքը : Ի դեպ, այդ իմաստով հարկ է նկատել, որ մեկ տարի առաջ նույն օրերին՝ Հնդկաստանի ազգային տոնի առիթով հատուկ հյուրը Եգիպտոսի նախագահ Սիսին էր, որը իր այցի ընթացքում խոսել էր Հնդկաստանից մինչեւ Եգիպտոս տրանսպորտային ուղիների մասին: Ըստ ամենայնի, Փարիզ-Դելի խոսակցության բուն առարկան ավելի շուտ «հարավային միջանցքն» է, կամ ավելի լայն իմաստով՝ «գլոբալ հարավի» ձեւավորման գործընթացը, որը ըստ ամենայնի առանցքային նշանակություն է ունենալու աշխարհակարգի ավելի լայն իմաստով:









































