1990թ. հունվարի լույս 20-ի գիշերը խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք զորքեր են մտցվել: Ըստ պաշտոնական վարկածի՝ «կանխելու հայ բնակչության ջարդերը»: Իրականում՝ ճնշելու զինված խռովությունը, որ կազմակերպել էր Ադրբեջանի ժողովրդական ճակատը: Ականատեսների վկայությամբ՝ այն կազմակերպված էր բավական գրագետ: Հարձակման են ենթարկվել կամ շրջափակվել զինվորական զորամասեր, հրամանատարական կետեր, լաստանավերը փակել են Բաքվի ծովախորշը, բեռնամեքենաների միմյանց զոդված արգելապատներ են կանգնեցվել «Բինա» եւ «Նասոսնայա» օդանավակայաններից քաղաք մտնող ավտոմայրուղիներին: Զորքը փաստացի Բաքու է մտել մարտերով:
ԱԺՃ իշխանության շրջանում քրեական գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել ԽՍՀՄ ռազմա-քաղաքական ղեկավարությանը: Այսօր «սեւ հունվարի» տարեդարձի առթիվ Բաքուն տարածել է մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որտեղ ոչ մի խոսք չկա «ազատատենչ ադրբեջանական ժողովրդի ոգին ճնշելու» եւ «խորհրդային զորքերի կողմից խաղաղ մարդկանց սպանդ կազմակերպելու» միջոցով «Ադրբեջանի մայրաքաղաքն օկուպացնելու» մասին:
Ադրբեջանը փակե՞լ է «սեւ հունվարի» քրեական գործը, դադարեցրե՞լ է քրեական հետապնդումը: Մի փաստ հայտնի է. իշխանության վերադարձած Հեյդար Ալիեւը մեղադրյալների շարքից Եվգենի Պրիմակովի անունը հանել է: Թեեւ հունվարի 16-ից, ինչպես «Больше, чем одна жизнь» գրքում վկայում է Ադր. ԽՍՀ ՊԱԿ-ի վերջին նախագահ Վագիֆ Հուսեյնովը, հենց նա է Բաքվում գտնվել եւ համակարգել ուժային բոլոր կառույցների գործունեությունը: Եթե «սեւ հունվարի» գործը չի փակվել, Ադրբեջանի ՄԻՊ-ն ինչու՞ է մեղավորներին պատժելու հարցով դիմում միջազգային հանրությանը:
Բաքվի ՄԻՊ-ի հայտարարությունից հետեւում է, որ իշխանությունը քաղաքական նարատիվ է փոխում կամ այս փուլում առնվազն առկախում երեսուն տարվա քարոզչությունը: Ըստ երեւույթին, Իլհամ Ալիեւը շատ ընդգծված կախվածություն ունի Մոսկվայից, որ կոմունիստական «Երրորդ Հռոմի» իրավահաջորդն է: Այնտեղ գերազանց գիտեն, թե 34 տարի առաջ իրականում ինչ է տեղի ունեցել: 1996թ. ռուսաստանցի լրագրող Կարաուլովին հարցազրույցում Հեյդար Ալիեւը պատմել է 1990թ. հունվարի 19-ի կեսգիշերին Գորբաչովի նախաձեռնությամբ հեռախոսազրույցի մասին եւ հիշել ԽՍՀՄ առաջնորդի խոսքը. «Հեյդար, հեռացրեք ձեր մարդկանց Բաքվի կենտրոնից» – ինչին ինքը պատասխանել է. «Բայց դրա համար ես լիազորություն է պետք»:- Հետեւել է լռություն, ապա կապն անջատվել է: Փաստացի նա առաջարկել է իրեն նշանակել խորհրդային Ադրբեջանի կոմունիստական առաջնորդ, մերժվել:
Նույն գիշեր խորհրդային զորքերը մտել են Բաքու: Հունվարի 21-ին Հեյդար Ալիեւը դստեր՝ Սեւիլի եւ որդու՝ Իլհամի ուղեկցությամբ, Ադրբեջանի ներկայացուցչությունում մամուլի ասուլիս է կազմակերպել: 1987թ. աշնան պաշտոնանկությունից հետո դա նրա առաջին հրապարակային ելույթն էր: Ոչ ոք ՊԱԿ-ի արխիվները չի ոչնչացրել: Ո՞վ, ե՞րբ եւ ինչպե՞ս է Ադրբեջանի հանրությանը բացահայտելու, որ զոհերի արյունը ծանրացած է իշխող ընտանիքի խղճին՝ 1992թ. փետրվարի 22 –ին Ասկերանում ադրբեջանցի միլիցիոների կողմից գնդակահարված երկու երիտասարդից մինչեւ Աղդամի մատույցներում Խոջալուի խաղաղ բնակչության սպանդը:








































