Հունվարի 16-ին Հայաստան է ժամանել Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային խորհրդի պատվիրակությունը, որը ղեկավարում է Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմը: Երեւանում նա հանդիպում է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին: Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պատվիրակության այցն ուշադրության է արժանանում այն հանգամանքի ֆոնին, որ մի քանի օր առաջ ԱՄԷ բարձր մակարդակի պատվիրակությունն Ադրբեջանում էր: Հունվարի 9-ին Բաքու էր այցելել Էմիրությունների նախագահ Մուհամմեդ բին Զայիդ Ալ Նահայնյան:
Նա բանակցություն է վարել Իլհամ Ալիեւի հետ: Կա՞ արդյոք կապ ԱՄԷ նախագահի Բաքու այցի, եւ դրանից մեկ շաբաթ անց ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պատվիրակության հայաստանյան այցի միջեւ, եւ ինչպիսի՞ն է այդ կապը: Իհարկե այդ ամենից անկախ, Էմիրությունների հետ Հայաստանի հարաբերության սերտացումը անշուշտ ինքնին կարեւոր արտաքին քաղաքական խնդիր է, թե տնտեսական, թե քաղաքական առումով, հաշվի առնելով այն, որ աշխարհակարգային հորիզոնում շոշափելիորեն աճում է թե արաբական պետությունների դերն ընդհանրապես, թե ԱՄԷ դերը մասնավորապես:
Միաժամանակ հիշարժան է, որ հենց ԱՄԷ մայրաքաղաքում նախորդ տարեվերջին ստորագրվեց Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դիվանագիտական հարաբերություն հաստատելու մասին համաձայնագիրը, որ ստորագրեցին Էմիրություններում Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի դեսպանները: Հնարավո՞ր է, որ Էմիրությունները որոշակի հաղորդակցային դեր են փորձարկում նաեւ Երեւանի եւ Բաքվի միջեւ: Ի դեպ, գուցե մանրուք է, բայց բավականին հատկանշական է այն, որ հենց Դուբայում էր տեղի ունեցել Ալիեւի նամակի փոխանցումը Փաշինյանին՝ 44-օրյա պատերազմից դեռ շատ առաջ, երբ ԱԱԾ ղեկավարը Արթուր Վանեցյանն էր:
Վանեցյանն ինքն էր հայտարարել, որ Դուբայում այդ ծրարն իրեն փոխանցվել է Դուբայում: Բոլոր դեպքերում, դա թերեւս կարող է տեղավորվել առավելապես լայն ռեգիոնալ՝ այսպես ասած մեծմերձավորարեւելյան, եւ գուցե նույնիսկ ներկայումս արդեն բավականին հաճախ կիրառվող եւ շրջանառության մեջ ամրացված՝ «գլոբալ հարավի» վերաբերյալ պատկերացումներում: էմիրությունների օրակարգի առանցքում թերեւս հենց այդ համայնապատկերին վերաբերող հարցեր են, որոնք Երեւանի համար տեսանելի ապագայում անհրաժեշտ են դարձնելու կարեւոր պատասխաններ ձեւակերպելը:









































