Իրաքը Թեհրանից հետ է կանչել դեսպանին, նախագահ Աբդել Լաթիֆ Ռաշադը սոցիալական X (նախկին Թվիթեր) ցանցում գրառում է կատարել եւ Իդլիբի գիշերային հրթիռակոծումը գնահատել Իրաքի «ինքնիշխանության խախտում»: Նա Իրանին կոչ է արել առկա խնդիրները քննարկել, ոչ թե դիմել ուժի կիրառման: Իրաքյան Քրդստանի վարչապետ Բարզանին միջազգային հանրությանը հորդորել է «վերջին տալ տարածաշրջանում Իրանի հարձակումներին»: Իրանի եւ Իրաքի միջեւ ակնհայտ լարվածության ֆոնին Իլհամ Ալիեւը նախընտրական քարոզչությունն սկսել է Ադրբեջանի հարավային՝ Իրանի հետ սահմանակից շրջաններից:
Անցած երկու-երեք օրերին այդ շրջաններից տագնապալի լուրեր էին տարածվում՝ կապված տեղացած առատ ձյան հետեւանքով հոսանքազրկման, լեռնային գյուղերի հետ հաղորդակցության խափանման հետ: Լենքորանի, Յարդիմլիի, Լերիկի շրջաններում հոսանքի մատակարարումը, ըստ պաշտոնական հաղորդագրության, վերականգնվել է: Տեղաշրջանը էթնիկ թալիշների պատմական հայրենիքն է: Լենքորանում 1993թ. ամռանը հռչակվել է Թալիշ-մուղանյան հանրապետություն:
Թալիշական շարժման առաջնորդ Հումբաթովն այդ իրադարձություններից հետո ձերբակալվել է, դատապարտվել: Միջազգային հանրությունը նրան ճանաչել է քաղբանտարկյալ: Ի վերջո, Հումբաթովը բանտից ազատ է արձակվել եւ արտաքսվել: Շարժման մեկ այլ առաջնորդ՝ Աբասզադեն, Ռուսաստանում ձերբակալվել եւ արտահանձնվել է Ադրբեջանին, բանտում կնքել մահկանացուն:
Լենքորանում Ալիեւը մասնակցել է հրուշակեղենի արտադրամասի եւ սոցիալական ծառայությունների շրջանային կենտրոնի բացմանը, հարգանքի տուրք մատուցել հոր հիշատակին: Նույն օրն Ադրբեջանի արդարադատության նախարարությունը Լենքորանում «ժամանակակից քրեակատարողական հիմնարկը շահագործման հանձնելու» մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել:
Խոսքը բանտի մասին է, որքան էլ որ այն ժամանակակից կամ նույնիսկ գերարդիական լինի, իսկ իրադարձության սիմվոլիկան պարզապես հնարավոր չէ չնկատել. պաշտոնավարման հինգերորդ ժամկետով նախագահի թեկնածու ինքնաառաջադրված Իլհամ Ալիեւը պատմական Թալիշստանի մայրաքաղաք Լենքորան է մտել նոր բանտի շահագործման հանձնելու օրով: Այցելության առաջին վայր ընրելով Լենքորանը՝ Իլհամ Ալիեւը, կարծես, ազդակ է հղում հարեւան Իրանին, իսկ նորաբաց բանտը՝ խորհրդանշում, որ թալիշական «անջատողականության» ցանկացած փորձ դատապարտված է:
Երեկ Բաքվում պայթյուն է որոտացել: Պաշտոնական տվյալներով՝ փլատակներից հանվել է յոթ դիակ, տասնյակ տուժածներ հիվանդանոցներում են, մի քանի անձի վիճակ գնահատվում է ծանր: Միջադեպին նույնիսկ Վրաստանն է արձագանքել՝ ԱԳՆ մակարդակով ցավակցություն հայտնել: Պատշաճությունը եւ «ազգի առաջնորդի կարգավիճակը» պահանջում էին, որ Ալիեւն այցելեր պատահարի վայր, տեսակցեր տուժածների հարազատներին, վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթեր:
Նա «նոր դարաշրջանի» մեկնակետ է ընտրել էթնիկ թալիշների հայրենիքը: Դա ակնհայտ ազդակ է, որ Ադրբեջանում որեւէ բարեփոխման սպասելիք չկա: Ալիեւի լենքորանյան դեբյուտը միաժամանակ համընկել է Իրան-Իրաք լարվածությանը եւ սպասումներին, թե արդյո՞ք «տարածաշրջանում Իրանի հարձակումներին վերջ կտրվի»: Իրաքյան Քրդստանը սերտ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ: Անցյալ տարի Էրբիլի ինքնավար կառավարության ղեկավար Բարզանին այցելել է Ադրբեջան: Իրանի հետ սահմանակից տեղաշրջան այցելությամբ Ալիեւը չի՞ «ինքնամատուցվում» ենթադրյալ հակաիրանական կոալիցիային:









































