Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կիլոմետրը փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ըստ աղբյուրի՝ Ջերմուկի խաչմերուկից Սիսիան տանող ավտոճանապարհը փակ է բեռնատարների և ավտոբուսների համար, Մ-2 ավտոճանապարհից Խաչիկ գյուղ տանող ավտոճանապարհը դժվարանցանելի է, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):
Նշվում է, որ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց,
Սյունիքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Մարտունու տարածաշրջանում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն, իսկ Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում, Ճամբարակ, Ջերմուկ և Գորիս քաղաքներում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։







































