Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 16-ին Փոթիի ջրատարածությունում տեղի են ունենալու Վրաստանի ու Թուրքիայի առափնյա պաշտպանությունների՝ GEODELTA 2011 խորագրով զորավարժությունները։ Դրանց ընթացքում վրացական ու թուրքական մոտորանավակները դուրս են գալու բաց ծով և համապատասխան գործողություններ են իրականացնելու։
Սահմանապահ ոլորտում համագործակցության մասին թուրք-վրացական համաձայնագրի շրջանակներում և 2011 թվականի գործողությունների պլանի համաձայն՝ զորավարժությունների նպատակով Փոթի է ժամանել թուրքական առափնյա պաշտպանության TCSG-95 մոտորանավակը։ Վերջինս վրացական կողմի հետ կփոխանակվի ծովային սահմանների պաշտպանության, առափնյա պաշտպանության համատեղ զորավարժությունների պլանավորման ու անցկացման ոլորտներում ունեցած փորձով։
Թուրքական նավի վրա է գտնվում Թուրքիայի առափնյա պաշտպանության պատվիրակությունը, որին գլխավորում է փոխծովակալ Սերդա Դուրգելը։ Վրացական կողմից զորավարժություններին հետևելու է Վրաստանի առափնյա պաշտպանության դեպարտամենտի տնօրեն, 1-ին կարգի կապիտան Բեսիկ Շեգելիան։








































