Ադրբեջանի օմբուդսմենը Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի հատուկ զեկույցի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ: Ամերիկյան այդ Հանձնաժողովի զեկույցը տարածել է պետական դեպարտամենտը, հանգամանք, որ բարձրացնում է փաստաթղթի հատկապես քաղաքական լեգիտիմությունը: Ըստ այդմ, Ադրբեջանը համարվում է կրոնական անհանդուրժողականության երկիր, որի նկատմամբ ամերիկյան կողմը սահմանում է հատուկ դիտարկման ռեժիմ:
Բաքվում, երեւում է, խիստ զգուշացած են ԱՄՆ հետ դիվանագիտական սառնության հետեւանքներից: Դա է վկայում փաստը, որ պետական դեպարտամենտի կողմից տարածված զեկույցին արձագանքել է ոչ թե Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, որ ցանկացած առիթ բաց չի թողնում՝ հրապարակայնացնելու «անկախ եւ ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու» ալիեւյան թեզը, այլ՝ մարդու իրավունքների պաշտպանը, որ նույնիսկ իր երկրում հանրային հեղինակություն չունի:
Բայց այս դեպքում էական է այլ հանգամանք. օմբուդսմենի անունից տարածված հայտարարության տոնայնությունը վկայում է, որ ԱՄՆ-ի հետ դիվանագիտական դիմակայության «ճակատից» Ալիեւը նահանջում է: Տեքստում վերամբարձ-հռետորական ձեւակերպումներ չկան: Չկա ավանդական մեղադրանք, որ ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունները «կատարում են հայկական լոբբիի պատվերը»: Ընդհակառակը, կա «անկողմնակալ վերլուծություն իրականացնելու» առաջարկություն-խնդրանք:
Ուշադրություն է գրավում, որ ԱՄՆ պետդեպի կողմից կրոնական ազատության մասին զեկույցը հրապարակվել է Վատիկանում հավատարմագրված դեսպանների ընդունելությանը Հռոմի Ֆրանցիսկոս պապի ելույթին գրեթե զուգահեռ: Կաթոլիկ եկեղեցու հովվապետը հատուկ անդրադարձել է Ադրբեջանում կրոնական ազատության, պաշտամունքի վայրերի նկատմամբ հարգալի վերաբերմունքի անհրաժեշտությանը: Մեծ քաղաքականության տիրույթում, իհարկե, կրոնական ազատության մասին ամերիկյան կազմակերպության զեկույցը կամ Հռոմի պապի հորդորը գործնական քիչ ազդեցություն ունեն, բայց նման ինստիտուցիոնալ կառույցներ չէին ստեղծվի եւ չէին գործի, եթե միջազգային օրակարգի ճարտարապետները դրանց կարիքը չզգային:
Ադրբեջանի օմբուդսմենի հայտարարության մեջ հատուկ ընդգծվել է երկրի տարածքում «հայկական եկեղեցու գործունեությունը»: Ի՞նչ է դա նշանակում: Խոսքը Բաքվի հայկական եկեղեցու՞ կամ Արցախի վանքերի՞, թե Հայ առաքելական եկեղեցու ինստիտուցիոնալ ներկայացվածության կամ դրա հնարավորության մասին է: Իլհամ Ալիեւը նախագահության քսան տարիներին առաջին անգամ Սուրբ Ծննդի շնորհավորական ուղերձ հղել է դեկտեմբերի 5-ին՝ կրոնական ազատությունների մասին ամերիկյան զեկույցի հրապարակման հաջորդ, ՀԱԵ կողմից Աստվածհայտնությունը տոնելու նախորդ օրը: Մինչ այդ նա ուղերձը բացառապես համապատասխանեցնում էր Ռուս ուղղափառ եկեղեցու տոնացույցին:




































