Իրանի գազի ազգային ընկերությունը հայտարարել է տարեսկզբից սվոփ եղանակով Թուրքմենստանից Ադրբեջանին գազի մատակարարումը դադարելու մասին: Հավելյալ մանրամասնություններ հայտնի չեն: Իրանական կողմը միայն ասել է, որ գազամատակարարումը կվերսկսվի, երբ համաձայնությունը կայանա: Նման սխեմա գործում է 2021 թվականից: Ադրբեջանը տարեկան շուրջ երկու միլիարդ խորանարդ մետր թուրքմենա-իրանական գազ է գնում եւ օգտագործում ներքին կարիքների համար, իսկ խնայած պաշարներն՝ արտահանում:
Թուրքմենա-իրանա-ադրբեջանական այդ գործարքը կայացել է Եվրամիության հետ Ադրբեջանի էներգետիկ համագործակցության համաձայնագրի ստորագրումից առաջ: Փաստացի Թուրքմենստանը եւ Իրանը նպաստել են, որպեսզի Ադրբեջանը Եվրամիության հետ ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական շահ հետապնդող համաձայնության հասնի: Բայց խնդիրն ունի նաեւ զուտ ֆինանսական բաղադրիչ. Ադրբեջանը թուրքմենա-իրանական գազը ներմուծումը էժան, սեփականը՝ արտահանում միջին-եվրոպական գներով:
Հայտնի է դարձել, որ Թուրքիան Իրանի հետ բանակցություններ է վարում՝ այդ երկրի տարածքով թուրքմենական գազ ներմուծելու հարցով: Իրավիճակին տեղյակ փորձագետները դա միանգամայն հնարավոր են գնահատում՝ հաշվի առնելով, որ Թուրքմենստանից՝ Իրան եւ Իրանից՝ Թուրքիա խողովակաշարեր արդեն իսկ կառուցված են, դրանց թողունակությունը թույլ է տալիս, որ Թուրքիան տարեկան մինչեւ 12 միլիարդ խորանարդ մետր թուրքմենական գազ ներմուծի եւ Հունաստանի ու Բուլղարիայի հետ ունեցած գազամուղով արտահանի Եվրոպա:
Ըստ համաձայնագրի՝ Բաքուն արդեն 2027 թվականին գազի եվրոպական արտանահանման ծավալները պետք է հասցնի տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրի: Ներկայումս այդ ծավալները չեն գերազանցում տարեկան 11-12 միլիարդ խորանարդ մետրը: Այն դեպքում, երբ ավելի քան երեք միլիարդ խորանարդ մետրն ադրբեջանական չէ. երկուսը թուրքմենա-իրանական է, մեկուկեսը՝ ռուսաստանյան:
Տարեկան մոտ տասը միլիարդ խորանարդ մետր լրացուցիչ գազ Ադրբեջանը կարող է ներմուծել կամ Թուրքմենստանից, կամ Ղազախստանից, կամ Իրանից, կամ Ռուսաստանից: Առաջին եւ երկրորդ տարբերակը պահանջում է նոր ներդրումներ: Socar-ը բանակցում է BP-ի հետ: Երկրորդ դեպքում խնդիրը քաղաքական է. Եվրամիությունը «Գազպրոմի» ծառայություններից չի հրաժարվել, որպեսզի նույն ռուսաստանյան գազը գնի ադրբեջանական փաթեթավորմամբ, իսկ Իրանը ցանկացած պահի կարող է հայտնվել նոր պատժամիջոցների տակ:
Ի՞նչ դիրքորոշում ունի կամ կդրսեւորի գազի հիմնական գնորդը՝ Եվրամիությունը: Անհավանական չէ, որ թուրքմենական գազի տարանցման շուրջ Իրանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունների թեման հրապարակայնացվում է «ի գիտություն» Բրյուսելի, որպեսզի վերջինս նախապատվությունը տա տարանցման ադրբեջանական երթուղուն: Երեւի պատահական չէ, որ թեման արծարածվում է Եվրախորհրդարանի ընտրություններին ընդառաջ:
Քաղաքական ի՞նչ դասավորություն է ունենալու Եվրախորհրդարանը՝ դրանից է կախված ԵՄ գործադիր մարմինների ձեւավորումը: Մամուլում կարծիք է տարածվել, որ եթե Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը պատգամավոր ընտրվի եւ թողնի պաշտոնը, նրան ժամանակավորապես կփոխարինի Հունգարիայի վարչապետ Օրբանը: Հունգարիան Թուրքական պետությունների կազմակերպությունում դիտորդ է:








































