Տարեվերջին Թուրքիայի նախագահը Իսրայելի վարչապետին համեմատեց Հիտլերի հետ, Նեթանյահուն հիշեցրեց քրդերի դեմ նրա վայրագությունները եւ ասաց, որ Էրդողանը բարոյական խրատ տալու իրավունք չունի, ապա պաշտոնապես հայտնի դարձավ, որ Իսրայելի դեսպանը չի վերադառնա Անկարա, քանի դեռ Թուրքիայի նախագահն Էրդողանն է: Թուրքիան նախապատրաստվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության: Իշխող կուսակցությունը խնդիր է դրել հաղթել, այդ թվում՝ Ստամբուլում եւ Անկարայում: Քաղաքական թրենդը նույնն է՝ Թուրքիայի պատմությունը նոր դարագլուխ է բացում, Թուրքիան հզոր երկիր է, որի հետ ոչ ոք ուժի լեզվով չի կարող խոսել:
Սաուդյան Արաբիան, սակայն, թուրքական ֆուտբոլի սուպերգավաթի մրցախաղին տհաճ անակնկալ մատուցեց՝ իր մայրաքաղաքում արգելելով Թուրքիայի տարածաշրջանային հզորության ցուցադրությունը: Նստվածքն, ամենայն հավանականությամբ, դեռ երկար զգացնել կտա: Մանավանդ հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարն ուղեւորվում է Մերձավոր Արեւելք, բայց Անկարա չի այցելի: Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ հեռախոսազրույցից հետո նման որոշումը մի բան է նշանակում՝ Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերություններում փոխըմբռնում եւ Պաղեստինի հարցում շփման եզրեր գտնելու փոխադարձ պատրաստակամություն չկա:
Թուրքական մամուլը գրում է երեկվանից հատուկ ծառայությունների սկսած գործողությունների մասին, որ ընթանում են միանգամից ութ նահանգներում: Տասնյակ անձինք են ձերբակալվել, ամենաշատ թվով՝ Ստամբուլում: Նրանք կասկածվում են Իսրայելի օգտին լրտեսության մեջ: Մանրամասնություններ չեն հայտնվում, բայց փաստն ինքնին չափազանց խոսուն է. դիվանագիտական լարվածությունը տեղափոխվում է «լրտեսական պատերազմի» տիրույթ: Որպես կանոն՝ դա ունենում է հայելային պատասխան: Մոտակա օրերին, ամենայն հավանականությամբ, Իսրայելն էլ կհայտարարի իր տարածքում թուրքական գործակալական ցանցի բացահայտման եւ ձերբակալությունների մասին:
Իսրայելա-թուրքական լարվածության նախաձեռնությունը Թուրքիայինն է: Դեռեւս ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի դեմ հարձակման առաջին օրն է միջազգային մամուլը գրել, որ պաղեստինյան շարժման քաղաքական առաջնորդ Հանիան գտնվել է Ստամբուլում, որտեղից հեռացել է Էրդողանի խնդրանքով, ինչից հետո Իսրայելն իր քաղաքացիներից կոչ էր արել անհապաղ հեռանալ Թուրքիայից: Օրերս տեղեկություն է տարածվել, որ Գազայից էվակուացվել է Ադրբեջանի շուրջ մեկ տասնյակ քաղաքացի: Ու՞մ միջնորդությամբ է կազմակերպվել այդ տարհանումը, ո՞ր երկրի տարածքով են նրանք հայրենադարձվել՝ մանրամասնությունները չեն հրապարակվում: Հայտնի չէ նաեւ, թե նրանք Գազայի հատվածում ինչով էին զբաղված:
Ստամբուլում, երկրի այլ քաղաքներում Իսրայելի հետախուզական ցանցի բացահայտումը, տասնյակ անձանց ձերբակալությունները չեն կարող սպոնտան գործողություններ լինել: Թուրքիայի համար գաղտնիք չեն իսրայելա-ադրբեջանական կապերը եւ հատուկ ծառայությունների սերտ համագործակցությունը: Թուրքիան եւ Ադրբեջանը բոլոր ոլորտներում ռազմավարական գործընկերներ են: Անկասկած, երկու երկրների հատուկ ծառայությունները գործում են համակարգված:
Բացահայտելով Թուրքիայում իսրայելական գործակալական ցանց կամ տպավորություն ստեղծելով, թե այդպիսին կա՝ Էրդողանը Ալիեւին ի՞նչ է ասում: Իհարկե, Թուրքիան եւ Ադրբեջանը բոլոր առումներով նույնական չեն, բայց Իսրայելի հատուկ ծառայությունների համար էլ գաղտնիք չէ, որ Բաքուն առանց Անկարայի հովանավորության այն չէ, ինչ քարոզում է Ալիեւը: Ուշագրավ է, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունները չեն խոչընդոտում, որ Իսրայելը պարտաճանաչ ռազմական մատակարարումներ իրականացնի Ադրբեջան:
Հնարավո՞ր է, որ Ադրբեջանում իսրայելական հետախուզությունը Թուրքիայի դեմ լրտեսություն է իրականացրել կամ իրականացնում է: Տարեվերջին Բաքվի մամուլը գրել է Ֆրանսիայի հետախուզության ռեզիդենտուրան բացահայտելու մասին՝ ակնարկելով, որ այն գործել է ԱՊՀ եւ տարածաշրջանին սահմանակից երկրների դեմ: Թուրքիայում իսրայելական գործակալների բացահայտումը կապ ունի՞ Ադրբեջանում Ֆրանսիայի հետախուզության ռեզիդենտուրայի բացահայտման հետ: Դեկտմբերի 31-ի ալիեւյան ելույթի կոշտ տոնը, Արեւմուտքին երկակի ստանդներ կիրառելու մեջ մեղադրանքը, գուցե, պայմանավորված է տարածաշրջանում «լրտեսական պատերազմո՞վ»: Էրդողանը Ալիեւին զգուշացնում է երկդիմի խաղի վտանգավորության մասի՞ն: Թուրքիայում սպասում են Իրանի նախագահի այցին: «Սիոնիստական ռեժիմի» գործակալների բացահայտումը նվեր չէ՞ Իսլամական հանրապետությանը:









































