«Արենի 1» քարայրում պեղումներ իրականացնող հայ-ամերիկյան-իռլանդական հնագետներից բաղկացած արշավախումբը, որը գտել էր 5.500 տարի առաջ կարված` աշխարհի ամենահին կոշիկը, 2010թ. հայտնաբերել էր նաև կնոջ ծղոտե փեշի (կիսաշրջազգեստ) մնացորդներ, որոնց տարիքը որոշվել է Կալիֆոռնիայի համալսարանում կատարված անալիզների արդյունքում: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը` տեղեկացնելով, որ փեշի մնացորդները հանվել են կնոջ կմախքի հետ միասին:
«Կինը դրված է եղել անոթի մեջ: Բացի այդ` պեղումների արդյունքում հայտնաբերվել են զգեստի այլ նմուշներ ևս, ոսկրե գեղեցիկ բաժակ, բուսական ծագման պարաններ և այլն: Դրանք դեռ մաքրման փուլում են»,- նշեց նա:
«Փեշը թվագրվում է Ք.ծ.ա. 3880-3800 թվականներով, այսինքն`մեզանից շուրջ 5900 տարի առաջ: Փեշի բավական մեծ կտորներ են պահպանվել: Լավ պահպանված է գոտու մի հատվածը երկու գույնի ծղոտներով: Հիմա դա վերականգնում ենք, մաքրում, հետո այն պետք է ամրակայվի, կոնսերվացվի: Դեռ ամբողջական պատկերն էլ չունենք այդ փեշի, միայն վերականգնելուց կերևա փեշի երկարությունը»,- հայտնեց նա` ընդգծելով, թե դեռ պարզ չէ` ներկվա՞ծ են արդյոք ծղոտները, թե՞ փեշը հյուսված է մուգ ու բաց գույնի ծղոտների «ռիթմիկ գործվածքով»: Պ.Ավետիսյանը չբացառեց, որ կիսաշրջազգեստը գուցե օգտագործված լինի ծիսական արարողությունների ժամանակ, քանի որ այն ժամանակ բրդե զգեստները լայն տարածում են ունեցել:
Ինչ վերաբերում է այս տարվա պեղումների արդյունքներին, ապա դրանց մասին, ըստ նրա, դեռ վաղ է խոսելը, քանի որ պեղումները շարունակվում են:









































