«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանի դիմումը դեռևս անպատասխան է: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում տեղեկացրեց Է.Գրիգորյանի փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարո Աղաջանյանը: Նա ասաց, որ պատժի վերանայման դիմումը Է.Գրիգորյանը ներկայացրել է 10-15 օր առաջ:
«Նա ցանկանում է, որ ցմահ ազատազրկումը փոխվի առավելագույն պատժի, որ հույս ունենա ազատություն ստանալու»,- մեկնաբանեց փաստաբանը` հավելելով, որ Է.Գրիգորյանը նաև դիմում է ներկայացրել, որպեսզի դատական լսումներին որպես պաշտպան ներկա լինի նաև փաստաբանը: «Խնդրել է նաև, որ իրեն նույնպես մասնակից դարձնեն, բայց մինչ օրս որևէ դատական նիստի վերաբերյալ գրություն չենք ստացել»,- տեղեկացրեց Կ.Աղաջանյանը` հույս հայտնելով, որ դիմումը կբավարարվի` հաշվի առնելով գործում Էդիկ Գրիգորյանի նվազ դերը:
Տեղեկացնենք, որ օրեր առաջ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դիմել է դատարան` պատիժը վերանայելու պահանջով, սակայն պատժի վերաբերյալ դիմումը մերժվել է:








































