Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևվիդ Քեմերոնն առաջին անգամ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կօգնի գտնել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: «Դեռևս ամեն ինչ ավարտված չէ: Մենք կօգնենք ձեզ գտնել Քադաֆիին և նրան հանձնել դատարանին»,- ասել է Քեմերոնը Տրիպոլիում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
Մինչև հիմա ՆԱՏՕ-ն պնդում էր, որ Քադաֆին չի եղել ռազմական գործողությունների թիրախը, նրան թույլատրվում էր լքել երկիրը:
«Մենք պատրաստ ենք օգնել, սակայն մենք ուզում ենք վստահ լինել, որ դուք դա ուզում եք: Հասել է մի պահ, երբ «արաբական գարունը» կարող է դառնալ «արաբական ամառ»: Մենք տեսնում ենք շարժում դեպի ժողովրդավարություն նաև այլ երկրներում»,- ասել է Քեմերոնը:
Քեմերոնն ու Սարկոզին հինգշաբթի օրը Լիբիա են ժամանել երկրի նոր իշխանությունների հետ բանակցելու համար: Տրիպոլիից հետո նրանք պլանավորում են այցելել Բենղազի: