Հերթական կրպակները կապամոնտաժվեն Դավիթաշեն համայնքում: Երեկ Դավիթաշեն համայնքի Տիգրան Պետրոսյան փողոցի վրա գտնվող կրապակների տերերը ծանուցում են ստացել, որի համաձայն կրապակատերը պարտավոր է կրպակը քանդել 7 օրվա ընթացքում, հակառակ դեպքում կրպակները կապամոնտաժվեն, իսկ գումարը կգանձվի կրպակատիրոջից:
Այս մասին «Առաջին լրատվականը» զրուցեց Տիգրան Պետրոսյան փողոցի 64/3 հասցեում գտնվող կրապակատեր Գայանե Դավթյանի հետ, ով տեղեկացրեց, որ սեպտեմբերի 1 ամսաթվով ծանուցումը իրենք ստացել են միայն սեպտեմբերի 14-ին: «Կարող է վաղը գան՝ ասեն, որ մեր 7 օրը լրացել է, և պետք է քանդեն մեր կրպակը»,- մեկնաբանեց կրպակատեր Գայանեն`հավելելով, որ երբևէ չեն մտածել, թե կրպակների ապամոնտաժումը կհասնի նաև իրենց:
«Մենք միայն ուզում ենք իմանալ, թե պատճառը որն է, ծանուցման մեջ ոչ մի պատճառ չի նշվում, ինչի համար պետք է ապամոնտաժեն: Մինչ այս, այն կրպակները, որոնք ապամոնտաժել են, պատճառաբանել են, թե ինչու»,- ասաց կրպակատերն` ընդգծելով, որ իր կրպակը խանգարող տարածքում չէ, ունի օրինական վկայական և մեկ տարի ժամկետ, որը նոր է երկարացրել: Նա նշեց նաև, որ պատրաստ է փոխել կրպակի տեսքը, ինչ-որ փոփոխություններ անել, բայց ոչ հիմնովին քանդել:
Նշենք, որ կրպակատերերը դիմել են սոցապ նախարարին և ՄԻՊ-ին, ովքեր խոստացել են հնարավորինս օգնել: Կրպակատեր Գայանեն դեռևս հույս ունի, որ գուցե չքանդեն: «Չգիտեմ, դեռ հույս ունեմ, կարող է ժամկետ առաջարկեն կամ ասեն տեսքը փոփոխենք, ուղղակի պատճառ չկա, թեկուզ ծանուցում են ուղարկում քաղաքապետի անունից, չկա քաղաքապետարանի պատճենը, չկա պատճառը: Թող ասեն՝ Ձեր տաղավարը որևէ բանի խանգարում է կամ կանաչապատ տարածքում է»,- նշեց Գ. Դավթյանը` ցավով փաստելով, որ 20 տարի հարկեր են մուծել` հողի, տարածքի, հարկայինի:
Մեկնաբանելով քաղաքապետի այն խոսքը, թե կրպակատերերը չքավոր չեն, Գայանեն ասաց, որ եթե չքավոր չլիներ, ուրեմն չէր ունենա կրպակ. «Կլիներ Yerevan City կամ այլ սուպերմարկետ, եթե մինչև հիմա մենք չենք կարողացել մեր կրպակը վերանորոգենք կամ ուրիշ շինություն անենք, դա ի՞նչ է նշանակում: Մենք ապրում ենք վարձով, ունեմ անչափահաս երեք տարեկան երեխա, տանը չորս անդամ ենք, և մեր ապրուստի միակ միջոցն այդ կրպակն է, որը ցանկանում են քանդել անհայտ պատճառով»,- ասաց Գայանեն:








































