ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որն անց է կացրել ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, խորհրդակցությանն առցանց ձևաչափով մասնակցել են տարածքային ստորաբաժանումերի ղեկավարները, ովքեր զեկուցել են ընթացիկ իրավիճակի և սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված՝ կատարված աշխատանքների վերաբերյալ։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված հանրապետության ավտոճանապարհների առավել դժվարանցանելի հատվածներում տարիներ շարունակ գրանցվում են մի շարք արտակարգ դեպքեր՝ արգելափակումներ, խցանումներ, պատահարներ, ՓԾ տնօրենը հանձնարարեց բոլոր մարզերում, ըստ անհրաժեշտության, նախանշված վայրերում ծավալել ժամանակավոր առաջնային օգնության հենակետեր՝ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով։
Ծառայության տնօրենը միաժամանակ կարգադրեց վերոնշյալ աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար սերտ համագործակցել և ակտիվ աշխատանքներ իրականացնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների, մարզպետարանների, ճանապարհների շահագործման և շինարարական ընկերությունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Շիրակի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների պետերը ՓԾ տնօրենին զեկուցել են, որ մարդկանց ժամանակավոր տեղակայման, ցուրտ եղանակին ջերմությամբ և տաք սննդով ապահովելու միջոցներով հագեցած առաջնային օգնության ժամանակավոր հենակետերը պատրաստ են անմիջապես ծավալվելու և անհրաժեշտության դեպքում շուրջօրյա հերթապահություն իրականացնելու:
Նշվում է, որ փրկարար ծառայության տնօրենը մարզային փրկարարական վարչությունների պետերին կարգադրել է անցնել ուժեղացված ծառայության․ անհրաժեշտության դեպքում, նախանշված հատվածներում գտնվողներին ավելացնել նոր շարժական հենակետեր, զինել ամենագնացներով և կրկնապատկել արձագանքող ուժերը՝ ավտոճանապարհների անցանելիությունն ապահովելու, բնակչությանն առավել օպերատիվորեն աջակցելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով՝ կարևորելով մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայությունը։







































