Կնոջ դերն ընտանիքում չի սահմանափակվում առօրյա պարտականություններով. նրանք վճռորոշ դեր են խաղում ընտանիքի անդամների առողջության և բարեկեցության ապահովման, պահպանման, ինչպես նաև առողջ ապրելակերպի հիմունքների և «առողջ ափսե» հայեցակարգի կիրառման հարցում։
Նա սովորում է ընտրել ճիշտ սնունդ, պատրաստում է, հետևում տան անդամների սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանն ու հոգեկան առողջությանը։ Կինն իր կենսակերպով կարող է օրինակ ծառայել իր երեխաների, թոռների համար՝ սովորեցնելով նրանց առողջ սնվել և ճիշտ կենսակերպ վարել։
Կնոջ դերակատարումն ընտանիքի առողջության ձևավորման և պահպանման հարցում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մարդու առողջության 50%-ը կախված է ապրելակերպից, 20%-ը՝ ժառանգական գործոններից, 10%-ը՝ բժիշկներից, 20%-ը՝ միջավայրի գործոններից։ Առողջ ապրելակերպը ներառում է տարիքին համապատասխան ֆիզիկական ակտիվություն, առողջ սնուցում, առողջ և անվտանգ միջավայրի ձևավորումը։ Ուշագրավ է, որ վերջին տարիներին փոխվել է նաև առողջ ապրելակերպի մասին պատկերացումները, առողջ վարքագծի ձևավորմանը սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել: Այս առումով կնոջ գիտակցված ընտրությունը կարող է ազդել ամբողջ ընտանիքի, այդ թվում՝ երեխայի բարեկեցության և առողջության վրա. չէ որ մարդու սննդային սովորույթները ձևավորվում են մանկական հասակից։
Հղիության ընթացքում նույնպես մոր սննդակարգն ուղղակիորեն ազդում է պտղի զարգացման վրա, հենց այս փուլում է կարևորվում վիտամիններով, հանքանյութերով հարուստ, բալանսավորված սնունդ օգտագործելու անհրաժեշտությունը։
«Առողջ ապրելակերպ» նշանակում է ոչ միայն սթրեսի բացակայություն, ալկոհոլի, ծխածոտի բացառում, այլ նաև բալանսավորված սննդի ընդունում՝ ածխաջրերով, սպիտակուցներով, ճարպերով, վիտամիններով, հանքանյութերով հարուստ։ Ճիշտ սնվելը նպաստում է օրգանիզմի աշխատունակության բարելավմանը, դիմադրողականության բարձրացմանը, տարբեր հիվանդությունների այդ թվում՝ սիրտ-անոթային, էնդոկրին, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների կանխարգելմանը։ Առօրյա կենսակերպն ազդում է նաև տրամադրության, էմոցիոնալ կայունության և կյանքի որակի վրա։
Պատահական չէ, որ ներկայում մեծ թվով երկրներ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրոպական Միության երկրներ, Ավստրալիա, Կանադա, Նոր Զելանդիա, ազգային մակարդակով իրականացնում են գործողություններ` ուղղված բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորմանը:
Այս հարցում Հայաստանը բացառություն չէ։ Մասնավորապես, ՀՀ կառավարությունը, գերակա խնդիր համարերլով բնակչության առողջության պահպանումը և խթանումը, հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների կանխարգելումը, 2021թ․ հաստատել է առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների ծրագիրը․ առողջ ապրելակերպի ռազմավարությունը հիմնված է միջգերատեսչական համապարփակ միջոցառումների իրականացման վրա։
ՀՀ Առողջապահության նախարարությունն իր հերթին, կարևորելով առողջ ապրելակերպի ուսուցումը հանրապետությունում, 2023թ․ ընթացքում երկրի մի շարք բնակավայրերում անցկացրել է «Առողջ ապրելակերպը սովորություն է» կարգախոսով հանրային իրազեկման արշավ, որի նպատակն էր տեղեկացնել մարդկանց առողջ ապրելակերպի մասին, խրախուսել առողջ սննդի պատրաստումը, ֆիզիկական ակտիվությունը, առողջ վարքագծի ձևավորումը։ Վերոնշյալ արշավի շրջանակում իրականացվել է նաև «Առողջ ափսե» հանրային միջոցառումը, որի մասնակիցներին հնարավորություն է ընձեռնվել ձեռք բերել առողջ և բալանսավորված սնվելու գիտելիքներ, առողջ ափսեի և բաղադրիչների վերաբերյալ հմտություններ:
«Առողջ ափսե հայեցակարգը» և առողջ ապրելակերպի խթանումը Հայաստանում
Սննդամթերքի ճիշտ ընտրությունը, պատրաստումը, պահպանումը և ընդունման ձևը մեծ նշանակություն ունի, քանի որ ցանկացած սննդանյութի անբավարար կամ հավելյալ քանակությունը կարող է վնասել մարդու առողջությանը։ Այս հարցում օգնության կարող է հասնել «Առողջ ափսե» հայեցակարգը՝ պարզ և արդյունավետ ուղեցույց ՝ ճիշտ և գրագետ սնվելու համար։ Հայեցակարգի հեղինակները Հարվարդի հանրային առողջության դպրոցի փորձագետներն են, այն ներկայացվել է 2011 թվականին:
Ինչպես չափահաս մարդիկ, այնպես էլ երեխաները պետք է ունենան «առողջ ափսե»` բաղկացած սպիտակուցներից, ճարպերից, ածխաջրերից, վիտամիններից: Այսպիսով, սննդի բազմազանությունն «առողջ ափսե»-ի գլխավոր պայմանն է: Դիետոլոգները, սննդաբանները խորհուրդ են տալիս ափսեն բաժանել 3 հատվածի․ ափսեի 1/2-ը բանջարեղենի, կանաչիների, մրգերի, հատապտուղների համար է, 1/4-ը պետք է բաղկացած լինի սպիտակուցով հարուստ մթերքներից (միս, ձուկ, կաթնաշոռ, ձու և այլն), 1/4-ն էլ խավարտից` ամբողջական հացահատիկից, հատիկաընդեղենից և մակարոնեղենից։
«STEPS» ազգային հետազոտության արդյունքները փաստում են, որ ՀՀ բնակչության 10-ից 1-ն ընդհանրապես չի օգտագործում միրգ և բանջարեղեն, 10-ից 4-5-ն օգտագործում է 1-2 չափաբաժին, ինչն, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, բավարար չէ առողջ սննդակարգի համար և ավելացնում է ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկը: Համաձայն «Դպրոցահասակ երեխաների առողոջության վարքագիծ» միջազգային հետազոտության (2017/2018 թթ.)՝ բանջարեղենի օգտագործումը 11-15 տարեկան աղջիկների շրջանում կազմում է 51%, տղաների շրջանում` 43%, 17 տարեկանների շրջանում` 41%։ Նույն հետազոտության համաձայն՝ Հայաստանում ընդունված վարքագիծ է նաև անկանոն սնվելն ու նախաճաշը բաց թողնելը։ Իսկ կնոջ հակվածությունը առողջ սննդին, առողջ ապրելակերպին մեծ ազդեցություն է թողնում ողջ ընտանիքի վրա: Երբ երեխաները տեսնում են, թե ինչպես է ընտանիքի մայրը առօրյա գնումների ժամանակ նախապատվություն տալիս առողջ, որակյալ մթերքին, մեծանում է հավանականությունը, որ ապագայում նրանք ևս համանման սովորություն ձեռք կբերեն: Կանայք պետք է գիտակցեն, որ անառողջ ընտրությունը, վերամշակված սնունդը, շաքարի չափից ավելի օգտագործումը, արագ սնունդը կարող են բացասական ազդեցություն թողնել ընտանիքի անդամների առողջության վրա:
Այս առումով Հայաստանում մտահոգիչ է քաղցրավենիքի և աղի սպառման ծավալները։ Մի շարք հետազոտությունների համաձայն՝ հայ երիտասարդները քաղցրավենիքի չափազանց մեծ սպառում ունեն` գրեթե կրկնակի ավելի, քան եվրոպական և կենտրոնական Ասիայի այլ երկրներում: Դեռահասների գրեթե 50%-ն օգտագործում է քաղցրավենիք (այսինքն` խմորեղեն, աղանդեր, հրուշակեղեն) ամեն օր։ Քաղցրավենիք են օգտագործում օրը մի քանի անգամ 13 տարեկան աղջիկների 70%-ը և տղաների 61%-ը, 15 տարեկան աղջիկների 68%-ը և տղաների 64%-ը և 17 տարեկանների` միջինում 51%-ը: Քաղցր գազավորված ըմպելիքներ օգտագործում են 13 տարեկան աղջիկների 26%-ը և տղաների 29%-ը, 15 տարեկան աղջիկների 24%-ը և տղաների 33%-ը, իսկ 17 տարեկանների խմբում քաղցր գազավորված ըմպելիքներ ամեն օր օգտագործում է 30%-ը։
ԱՀԿ-ի տվյալներով՝ կերակրի աղի օրական օգտագործումը չպետք է գերազանցի 5 գրամը (օրական < 2 գրամ նատրիումին համարժեք), մինչդեռ Հայաստանում աղի սպառման ծավալները կրկնակի գերազանցում են վերոնշյալ շեմը։
Այսպիսով, կանայք, լինելով ընտանիքի առողջության համար պատասխանատու, կարող են մեծապես ազդել իրենց սիրելիների բարեկեցության և առողջության վրա: Ընդունելով «Առողջ ափսեի» հայեցակարգը և կատարելով գիտակցված ընտրություն՝ ընտանիքում ձևավորվում է առողջ սնվելու մշակույթ:









































