ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր` Արփիի ուղեկցությամբ դեկտեմբերի 15-ին այցելել է Շիրակի մարզի «Ամասիայի մանկական արվեստի դպրոց» ՊՈԱԿ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, դպրոցի սաները վարչապետի տիկնոջը ներկայացրել են իրենց ստեղծագործությունները, նկարչական և ասեղնագործության բաժինների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը:
Վարչապետի տիկինը հետևել է տեղում իրականացվող նկարչական գործնական աշխատանքին, զրուցել երեխաների հետ:
Աննա Հակոբյանը մասնակցել է նաև համերգային ծրագրի, որի ընթացքում հնչել են երաժշտական վոկալ-գործիքային կատարումներ, ցուցադրվել են պարային համարներ:
Համերգային ծրագրից հետո վարչապետի տիկինը շրջել է դպրոցում, ծանոթացել պայմաններին: Դպրոցի տնօրեն Ջեմմա Մանուկյանը ներկայացրել է նաև առաջիկա ծրագրերը:




































