Դեկտեմբերի 13-ին նոր միջադեպ է տեղի ունեցել Երուսաղեմի հայկական թաղամասի Կովերի պարտեզ կոչվող տարածքում, որի շուրջ վերջին շաբաթներին թեժացել է իրավիճակը հողամասի վարձակալության՝ բավականաչափ հայտնի պատմության առնչությամբ: Weekly-ի թղթակից Գեղամ Բալյանը X-ի իր միկրոբլոգում գրել է ու տեսանյութ հրապարակել, որ Ջորջ Ուորվար անունով անձը, ով ավելի վաղ հանդիպել էր Ateret Cohanim ծայրահեղական կազմակերպության ղեկավարների հետ, ագրեսիվ կերպով ահաբեկել, սպառնացել է Երուսաղեմի տեղական խաղաղ հայ համայնքի ներկայացոիցիչներին, որոնք գտնվել են «Կովերի պարտեզի» տարածքում։ Տարածքում եղել են նաև հոգևորականներ։ «Ես ձեզ հերթով դուրս կբերեմ այստեղից, այ մնացուկներ»,- արաբերենով գոռացել է նա։ Այդ ֆոնին, ցեղասպանության կանխարգելման հարցերով զբաղվող՝ Լեմկինի անվան ինստիտուտը կոչով դիմել է ԱՄն-ին եւ Իսրայելի մյուս դաշնակիցներին՝ հայկական թաղամասում հայերի իրավունքների պաշտպանության համար:
Ինստիտուտը հիշեցրել է, որ աշնանը հայությունը ադրբեջանական բռնության հետեւանքով կորցրել է արդեն պատմական մի հող՝ Արցախը, որտեղ ապրել է հազարավոր տարիներ: Լեմկինի ինստիտուտը կոչ է անում թույլ չտալ, որ հայերը կորցնեն իրենց պատմական ներկայության նոր տարածքներ: «Թեև Երուսաղեմում հայ բնակչությունն այսօր շատ փոքր է, հայկական թաղամասը շարունակում է մնալ սփյուռքի ներկայության կարևոր մասը։ Այն հայերի ամենահին գործող սփյուռքն է», գրում է Լեմկինի ինստիտուտը: Իհարկե, կասկածից վեր է, որ հայկական թաղամասի հարցը աղմկոտ պատմության առիթով, սակայն այսպես ասած բորբոքային վիճակում է հայտնվել մերձավորարեւելյան վերջին իրադարձությունների պատճառով, որոնք սպառնում են որոշակիորեն փոխել ռեգիոնում ուժերի հարաբերակցությունը թե քաղաքական, թե էթնո-մշակութային, դավանա-քաղաքական իմաստներով: Այդ առումով մերձավորարեւելյան ռեգիոնը մշտապես եղել է խառնարան, եւ վերջին հաշվով հենց այդ բարդ հանգույցի շնորհիվ է նաեւ, որ վերածվել եւ առա այսօր թերեւս մնում է համաշխահային քաղաքականության խառնարան: Եվ այստեղ է նաեւ, որ հայկական պատմամշակութային ներկայությունն ու ժառանգությունը այդ թվում հայկական պետականության համար ոչ թե լոկ բարոյական նշանակության արժեք է, այլ նաեւ քաղաքական:
Չլինելով անմիջականորեն այդ ռեգիոնի պետական միավոր, հայկական պետականությունն այդուհանդերձ հայկական պատմա եւ դավանա-քաղաքական, մշակութային ներկայության շնորհիվ ստանում է որոշակիորեն այլ մասշտաբ: Սա բնականաբար իր հետ բերում է պատասխանատվության, խնդիրների, աշխատանքի նոր ծավալ եւ ծանրություն, բայց միեւնույն ժամանակ նաեւ սուբյեկտության մասշտաբի նոր հնարավորություն: Եվ այստեղ պետական խնդիր է դառնում այդտեղ լավագույն հավասարակշռությունը գտնելն ու աշխատելը, հարկ եղած դեպքում գուցե լուռ, սակայն հետեւողական եւ լայն մտածողությամբ: Վերջիին շրջանում երեւան է բերվել մի «մտայնություն»՝ անուղղակի, թե ուղղակի ընտրություն հայրենիքի եւ պետության միջեւ, որի «հեղինակները» համարում են, որ գլխավոր խնդիրը ներկայիս Հայաստան պետությունը, այլ ոչ թե զգալիորեն նաեւ դրա սահմաններից դուրս գտնվող հայրենիք, այդ թվում նաեւ հայկական պատմամշակութային ժառանգություն եւ իրավունքներ հասկացությունը:
Սա անշուշտ համաշխարհային ազգի առնչությամբ մեծախոս ռազմա-հայրենասիրական հավակնոտության մի ծայրահեղությունից անցումն է բոլորովին այլ մի ծայրահեղության, պայմանականորեն՝ հայկական սուբյեկտայնության միջազգային մասշտաբի կույր ուրացման: Որովհետեւ, հենց այդ մասշտաբն է նաեւ, որ բավականին սահմանափակ ռեսուրս ունեցող պետությանը տալիս է հավելյալ ռեսուրսային, փաստարկային հնարավորություն, այդ թվում նաեւ հայության մերձավորարեւելյան ներկայության շնորհիվ: Եվ այստեղ է, որ հայկական պետականությունից պահանջվողը ոչ թե մի ծայրահեղությունից մյուսն ընկնելը, այլ հավասարակշռությունը գտնելն ու աշխատելն է՝ հենց ի պետս հայկական ներկայիս պետականության:









































