Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը Բաքվում Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Բաքվի համար ընդունելի չէ զորքերը հավասարապես սահմանից հետ քաշելու Երեւանի առաջարկը: Այն, որ Երեւանը անում է այդպիսի առաջարկ, նախօրեին Էստոնիայի արտգործնախարարի հետ զրույցում հայտարարել էր Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը, նշելով, որ Երեւանն առաջարկում է սահմանին տեղակայել միջազգային դիտորդների: Որ Բաքուն կմերժի այն, թերեւս շատ սպասելի էր: Երեւանը հայելային հետքաշման առաջարկներ անում է դեռեւս 2021 թվականի մայիսից, երբ ադրբեջանցիները առաջին անգամ, առանց մարտական գործողության դիրքեր զբաղեցրին Հայաստանի տարածքում: Սակայն, ավելի քան երկու տարի Երեւանի այդ առաջարկի պարբերական բարձրաձայնման ֆոնին Բաքուն չի տվել որեւէ դրական արձագանք, հետեւաբար գրեթե կասկած չկար, որ մերժվելու է առաջարկը նաեււ հերթական անգամ: Ըստ Բայրամովի, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը սահմանազատված չէ եւ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հետ քաշվելու դեպքում կողմերից մեկը չի խախտի պայմանավորվածությունը եւ չի հարձակվի:
Սա է իհարկե տարօրինակը, որովհետեւ այդպիսի մտավախություն արտահայտելու հիմքեր ունի Հայաստանը, ոչ թե պարբերաբար ագրեսիվ գործողությունների դիմող եւ ագրեսիվ հռետորաբանություն կիրառող Ադրբեջանը: Հասկանալի է, որ Բաքվին պետք է պարզապես Հայաստանի առաջարկից հրաժարվելու պատճառ: Դա հերթական անգամ պարզորոշ վկայում է, որ Ադրբեջանը բոլորովին չունի խաղաղության գնալու իրական ցանկություն եւ մտադրություն, առնվազն քանի դեռ գոյություն ունի անորոշությունը այդ խաղաղության դե յուրե կամ դե ֆակտո կառավարման միջազգային մեխանիզմի հարցում: Առանց միջազգային որեւէ մեխանիզմի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը գրեթե բացառվում է՝ հաշվի առնելով մի կողմից աշխարհաքաղաքական դիմակայությունը, մյուս կողմից Ադրբեջանի իշխանության ռազմատենչ մտածողությունը եւ ուժային գերակայությունը քաղաքական պահանջ թելադրելու միջոց դիտարկող մեթոդաբանությունը:
Այդ ֆոնին, Երեւանն ու Բաքուն համաձայնեցրել են սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կարգը, մասնավորապես այն, որ հանձնաժողովները հանդիպում կունենան կամ հաջորդաբար Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքում, կամ պարզապես սահմանին: Դրական է կազմակերպական հարցերում համաձայնության գալու միտումը, սակայն Բաքվի հայտարարությունները վկայում են, թե Ադրբեջանն ինչպիսի վարքագիծ է դրսեւորելու արդեն բուն աշխատանքային, բովանդակային հարցերում, ձգտելով սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների աշխատանքը վերածել Հայաստանի հանդեպ հավակնությունների նոր հարթակի:
Անկասկած է, որ այդ հարցում Բաքուն առնվազն վայելում է Անկարայի լիարժեք հավանությունը, ինչի խոսուն վկայություն է թե այն, որ Բայրամովը Հայաստանի առաջարկը մերժելու վերաբերյալ հայտարարել է Ֆիդանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում, թե այդ նույն ասուլիսում Ֆիդանի արած հայտարարությունը: Թուրքիայի արտգործնախարը նշել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունը կկարգավորի ըստ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցության արդյունքի: Այլ կերպ դա նշանակում է, որ Թոււրքիան Հայաստանի հետ կարգավորման կգնա, եթե Հայաստանը գնա այնպիսի համաձայնության, որը կբավարարի Բաքվին: Ինչ խոսք, Անկարան այդ դիրքորոշումը հրապարակում է իր, ոչ թե Ադրբեջանի համար: Անկարայի համար այդ հարցը կապիտալ է, որ օգտագործում է Կովկասի հարցում անմիջական շահագրգռություն ունեցող գրեթե բոլոր մոտ ու հեռու խաղացողների հետ:









































