Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական նամակ է հղել Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Դա տեղի է ունեցել Լեհաստանում շաբաթներ առաջ անցկացված խորհրդարանի ընտրության արդյունքում: Գործող վարչապետ Մարովեցկու ուժը պարտվել էր, իսկ Տուսկի «Քաղաքացիական պլատֆորմը» հաղթել: Լեհաստանում այդ փոփոխությունը թերեւս էական նշանակություն է ունենալու եվրոպական քաղաքականության համար ընդհանրապես: Այստեղ իհարկե պետք չէ գերագննահատում, սակայն մի կողմից Լեհաստանը Եվրոպայի առանցքային դերակատարներից է, մյուս կողմից Տուսկը եվրոպական քաղաքականության նշանակալի ֆիգուրներից է: Նա արդեն իսկ մեկ անգամ եղել է Լեհաստանի վարչապետ՝ ամենրից երկարակյացը այդ պաշտոնում: Նա վարչապետ էր 2007-14 թվականներին, միաժամանակ սուր մրցակցության մեջ լինելով այդ ժամանակ նախագահ Լեհ Կաչինսկու հետ:
Կաչինսկին զոհվեց ավիաաղետից, 2010 թվականի ապրիլին, Սմոլենսկում՝ Կատինի գնդակահարության զոհերի հիշատակի արարողությանը մեկնելիս, եղանակային վատ պայմանների պատճառով: Դրանից հետո Լեհաստանի նախագահի պաշտոնում առաջադրվեց եւ ընտրվեց Տուսկի թիմակից Բրոնիսլավ Կոմարովսկին: 2011 թվականին Կոմարովսկին պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան: Տուսկը վարչապետի պաշտոնը թողեց 2014-ին՝ ԵԽ նախագահի պաշտոնը ստանձնելու համար: 2014-19 թվականներին նա գլխավորեց Եվրոպայի Խորհուրդը: ԵԽ նախագահի կարգավիճակով նա երկու անգամ եղել է Հայաստանում՝ պաշտոնը ստանձնելուց հետո, եւ պաշտոնը թողնելուց կարճ ժամանակ առաջ՝ 2019-ի ամռանը, ռեգիոնալ այցով: Դրա ընթացքում Դոնալդ Տուսկը եղավ նաեւ Սեւանավանքում, որտեղ ծանոթանալով մշակութային ժառանգությանը հայտարարեց, որ Հայաստանը հազարամյա ազդեցություն ունի եվրոպական մշակույթի ձեւավորման գործում եւ «այստեղ այն տեղն է, որտեղ Եվրոպայի սիրտը բաբախում է»:
Թողնելով ԵԽ նախագահի պաշտոնը Տուսկը զբաղեցրեց Եվրախորհրդարանի ամենամեծ կուսակցության՝ աջ-կենտրոնամետ ԵԺԿ նախագահի պաշտոնը: Ինչպես հայտնի է, Հայաստանից ԵԺԿ-ին անդամակցող խոշոր կուսակցությունը ՀՀԿ-ն էր՝ դեռեւս իր իշխանության տարիներին: ՀՀկ-ն շարունակեց ԵԺԿ հետ գործակցությունը նաեւ 2018-ից հետո: 2020 թվականի մարտին Դոնալդ Տուսկը այդ կարգավիճակում ընդունեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտարարելով՝ «Դուք կարող եք ինձ վրա հույս դնել իմ նոր պաշտոնում»: Փաշինյանի ԵՄ այցի ընթացքում ԵԺԿ նախագահի հետ հանդիպումը առիթ տվեց ենթադրությունների, որ հնարավոր է ՔՊ-ն քննարկում է ԵԺԿ անդամակցության հնարավորությունը: Որքանո՞վ էին հիմնավոր այդ գնահատականները, բարդ է ասել, սակայն 2020 թվականի մարտը ըստ էության դարձավ «պատմության ջրբաժան» համաշխարհային քաղաքականության եւ դրա օրակարգերի համար ընդհանրապես՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հետո արդեն Հայաստանի շուրջ զարգացան բոլորովին այլ իրադարձություններ, մի քանի ամիս անց սկսեց 44-օրյա պատերազմը:
Սերժ Սարգսյանը Դոնալդ Տուսկին շնորհավորելով վարչապետի պաշտոնի վերադառնալու առիթով, նրան հիշեցրել է 44-օրյա պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 17-ին նրան հղած նամակը:«Իմ Հայրենիքի մի մասում՝ Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետությունում) հայ ժողովրդին բնաջնջումից փրկելու համար Ձեր հրապարակավ և ոչ հրապարակավ միջամտության խնդրանքս էր՝ որպես Եվրոպայում հայտնի առաջատար քաղաքական գործչի: Ցավոք, կանխատեսածս «մեծ ողբերգությունը» տեղի ունեցավ. 21-րդ դարում, քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ, Արցախում հայ ժողովուրդը էթնիկ զտման ենթարկվեց հայատյացությունը պետական քաղաքականություն դարձրած Ադրբեջանի կողմից: Հարյուր հիսուն հազար հայերից ոչ ոք չմնաց իր բնօրրանում: Բայց հիմնախնդիրը, մեր համոզմամբ, լուծված չէ, պարզապես չի՛ կարող այդպես լուծվել, և հայկական Արցախի էջը փակված չէ», գրում է Սերժ Սարգսյանը Լեհաստանի նոր վարչապետ Տուսկին:
Սերժ Սարգսյանը ինչ որ հու՞յս է կապում Տուսկի «հին ու նոր պաշտոնի» հետ, այն դեպքում, երբ չարդարացան այն հույսերը, որ կային 2020 թվականին: Թե՞ դրանք չարդարացան, որովհետեւ Տուսկը դրանք խոստացել էր Փաշինյանին, իսկ Փաշինյանը 2020 թվականի պատերազմին «մոռացել» դրա մասին: Հասկանալի է, որ այս պարագայում հարցը չունի ուղիղ իմաստ: «Հույսը» տվյալ պարագայում թերեւս պետք է դիտարկել գործընկերության, գործակցության սկզբունքով: Փաստացի, Սերժ Սարգսյանը Տուսկին հայտնում է գործակցության պատրաստակամություն՝ արդեն Լեհաստանի վարչապետ Տուսկին, այսինքն պետության, որը Եվրոպայում ունի ավելի ու ավելի մեծացող դերակատարում: Իսկ ի՞նչ պատկերացում ունի Լեհաստանի առնչությամբ պաշտոնական Երեւանը, եւ արդյո՞ք այդ պատկերացումների արտացոլումն էր այն, որ օրերս առաջ մարդասիրական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի առաջին տիկինը, որը հանդիպել էր նաեւ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցնների հետ, Երեւանում չարժանացավ իր կարգավիճակին համարժեք կամ հարիր պետական ուշադրության՝ թեկուզ ոչ ֆորմալ շփմամբ:




































