ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հանձնակատար Բորելը հայտարարել է, որ Եվրամիության խորհուրդը կայացրել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ընդլայնելու որոշում: Այդպիսով, ներկայիս 138 դիտորդների թիվը կհասնի 209-ի: Ինչպես հայտնի է, Կանադան էլ քննարկում է այդ առաքելությանը երկու դիտորդ անդամագրելու հարցը: Այն, որ ԵՄ մտադիր է ավելացնել դիտորդների թիվը, հայտնի էր ամիսներ առաջ: Նախօրեին ԵՄ խորհուրդը կայացրել է որոշումը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի կայունությունը առավել բարձրացնելու նպատակադրումով: Իհարկե, չափազանցություն կլինի դիտորդական այդ առաքելությունը դիտարկել կայունության իրական կարգավորիչ կամ ապահովիչ, սակայն անկասկած է, որ շատ, թե քիչ շոշափելի ազդեցություն ունենալ այդ առաքելությունը կարող է:
Այստեղ առանցքայինը, որ կարեւոր է Հայաստանի համար, Եվրամիության քաղաքական պատասխանատվության աստիճանն է, դրա հստակեցումը, ինչը Բրյուսելին մոտիվացնում է ջանք գործադրել կայունություն ապահովելու ուղղությամբ, այլապես ապակայունացումը նշանակելու է նաեւ ԵՄ պատասխանատվության ու առաքելության ձախողում, անկարողություն կամ բավարար ցանկության բացակայություն: Այսպես ասած «արատավոր էֆեկտը» կամ խնդրահարույց դիտվող կողմն այն է, որ Եվրամիության առաքելության ներկայությունը դժկամություն է առաջացնում Ռուսաստանի եւ Իրանի մոտ, առնվազն հրապարակային մակարդակում: Ինչու՞ եմ շեշտում հրապարակային մակարդակի հանգամանքը:
Որովհետեւ գործնական հարթության վրա, այսպես ասած իրական քաղաքականության ռեժիմում, թերեւս միարժեք չէ Ռուսաստանի եւ Իրանի վերաբերմունքը: Այո, նրանք արտառեգիոնալ խաղացողների ներկայությունն ընդունում են խանդով եւ ռազմավարական մարտահրավերի տրամաբանությամբ, սակայն տակտիկական իմաստով՝ ներկայիս խիստ անկայուն աշխարհում, Ռուսաստանն ու Իրանը թերեւս տողատակային առումով դեմ չեն լինի, եթե Հայաստանին հաջողվի որոշակի քայլերով անվտանգության եւ կայունության հարցում կոնկրետացնել նաեւ Արեւմուտքի, տվյալ դեպքում Եվրամիության պատասխանատվությունը, այդ կերպ նաեւ ստեղծելով իրավիճակ, որը թելադրում է որոշակի վարքագիծ՝ այդ պատասխանատվությունից բխող: Վերջին հաշվով, Ռուսաստանն ու Իրանը ունեն Կովկասում «ճակատ» ունենալուց խուսափելու շահագրգռություն:
Իհարկե, միեւնույն ժամանակ հարկ է նկատել, որ այդուհանդերձ արտառեգիոնալ ռազմավարական գործնական մարտահրավեր ստանալու դեպքում հենց նրանք կարող են կանգ չառնել այդ մարտահրավերին ընդհուպ ապակայունացման միջոցով հակազդելու փորձի առաջ, եթե տեսնեն, որ կորցնում են ռեգիոնը, ու այդպիսով այլեւս ենալով կորցնելու բան: Սակայն, հենց սա է ներկայումս թե ռեգիոնալ, թե միջազգային իրավիճակի ամբողջ նրբությունը, երբ կարծես թե բավականին շոշափելի են համաշխարհային դիմակայության կողմերը, մյուս կողմից սակայն խիստ բարակ եւ մշուշապատ են նրանց միջեւ անցնող բաժանարար գծերը, որոնց միջեւ էլ հարկադրված է առավելագույնս նուրբ գործել Երեւանը՝ ձգտելով չտրորել դրանք:









































