Ինչով է Հայաստանը ներկայանում աշխարհին, ինչով են մեզ ճանաչում արտերկրում. այս հարցերի շուրջ էր գերմանահայ PR մասնագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վազրիկ Բազիլի այսօր հրավիրված ասուլիսը, նա համագործակցում է գերմանացի քաղաքական գործիչների հետ: Բազիլը մի քանի դիտարկում արեց` կապված 2000 թվականին Հաննովերի ցուցահանդեսում Հայաստանի ներկայացվածությանը, թե ինչ տաղավարներով է ներկայացել ցուցահանդեսին: Նա նշեց, որ պետք է փոխվի վերաբերմունքը երևույթների նկատմամբ, պետք է ուշադրություն դարձնել մանրուքների վրա:
«Ոչ «դե լավ մելավով», ոչ «իշտե միշտեով» հարցը չի լուծվում: Չի կարելի որ բնագիրը տառասխալով լինի, պետք է ուշադրություն դարձնել անգամ սոսնձին, որը փակցված է ներկայացվող իրերի վրա: Երբ Հայաստանը ներկայանում է աշխարհին, պետք է ուշադրություն դարձնի յուրաքանչյուր մանրուքի վրա», ասաց Բազիլը` ընդգծելով, որ պետք է փոխվի նաև վերաբերմունքը «արտասահմանի» նկատմամբ, որը լայն հասկացություն է: Նրա խոսքով` մարդ գնալիս պետք է իմանա տվյալ երկիրը, հասկանա, թե ուր է գնում, իմանա տվյալ երկրի նախապաշարումների մասին ու իմանա, թե ինչ են մտածում Հայաստանի մասին: Ըստ նրա` ամեն դեսպանատուն, եթե լավ է աշխատում, պետք է զգուշացնի իր աշտատակիցներին:
Բազիլի խոսքով` Հյաստանը պետք է փորձի դուրս գալ էկզոտիկ երկրների շարքից: Գերմանացիների համար տարբերություն չկա` որն է հայկական, վրացական, թուրքական շուրջպարը, դհոլ-զուռնան: «Արևմուտքի մեջ ամենամեծ դրամագլուխը ուշադրությունն է, ուշադրություն ձեռք բերելու համար պետք է տարբերվել: Նունիսկ եթե շուրջպար է կամ դհոլ-զուռնա է, մեզ պակասում է նոր ակնոցով նայել երևույթներին»,-ասաց նա`կարևորելով ցանկացած երևույթի մեջ միտք դնելը: Բազիլի խոսքերով`«Պետք է տարբեր լինել ու լավը լինել: Հայաստանն ու սփյուռքը կիրառական են, ոչ թե ստեղծում ենք: Մենք ուրիշի փետուրներով ենք փետրավորվում: Ո՞ւր է մեր ստեղծածը: Մենք պետք է չընդօրինակենք: Այսօր ցուցահանդես կազմակերպելը ստեղծագործական մոտեցում է պահանջում, բայց չկա նորույթ: Հայաստանը պետք է ներկայանա «նոր ակնոցով»: Հայերն անցյալապաշտ են, պետք է դուրս գալ ինքնաթանգարանացումից ,ու հայ եկեղեցին էլ պետք է դուրս գա ինքնաթանգարանացումից: Մենք թանգարանային ենք, քանի որ սիրում ենք հպարտանալ հնով, ոչ թե` նորով»:
Ըստ Բազիլի`պետք է ստեղծագործ հայացք ունենալ: Հայաստանը ցուցահանդեսներին միշտ հին գրքրով, հին իրերով է ներկայանում: Դրանք պետք է նորովի ներկայացնել: Նա առաջարկեց խաղի տեսքով աշխարհին ներկայացնել մեր մշակույթը: Փոխվել է նախարարների կեցվածքը, լրջություն կա, փոխվելէ կեցվածքը նաև սփյուռքի նկատմամբ:
Նա նշեց, որ «Հայաստանը աշխարհին ներկայանում է Շերով, Շառլ Ազնավուրով, հետո` ի՞նչ: Աշխարհը մեզ ճանաչում է նրանով, ինչով Հայաստանն ուզում է իրեն ճանաչեն: Նա դժվարացավ պատասխանել այն հարցին, թե ինչ պետք է անենք` աշխարհին նորովի ներկայանլու համար: «Գուցե լավ կլիներ որ Նարեկացին աշխարհին ներկայացնենք ջազ երաժշտության ուղեկցությամբ»,- ամփոփեց Վազրիկ Բազիլը:










































