Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլաևը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի տարանցման հիմնախնդրին.
«Սեպտեմբերի 13-ին Թուրքիան ու Ադրբեջանը վերսկսել են երկու երկրների միջև գազային համաձայնագրերի փաթեթի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու բանակցությունների հերթական փուլը։ Այդ փաթեթը վերաբերում է դեպի Եվրոպա Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի տարանցմանը։ Բանակցություններն ընթանում են նորմալ հունով։
Թուրքիան պետք է իր նորմատիվա-իրավական բազան համապատասխանեցնի այն նոր պայմաններին, որոնք առնչվում են նրա տարածքով ադրբեջանական գազի ենթադրյալ տարանցմանը։ Ավելի վաղ Թուրքիան երբեք հանդես չի եկել որպես գազի տարանցման երկիր, ինչը նոր պայմաններում պահանջում է փոփոխություններ մտցնել նորմատիվա-իրավական բազայում»։
Հիշեցնենք, որ 3 օր առաջ Ռովնագ Աբդուլաևը Կասպից ծովում գազային խոշոր հանքավայրի հայտնաբերման առնչությամբ հայտարարեց, թե դրանով Ադրբեջանի ապացուցված գազային պաշարները հասան 2.55 տրիլիոն խորանարդ մետրի։







































