Հադրութի պաշտպանական շրջանի հրամանատարով և զորամասերի հրամկազմերով հատուկ պետք է զբաղվել` պարզելու կոնկրետ նրանցից ո՞ւմ պատճառով են լինում այս շրջանի բազմաբնույթ հանցագործությունները` գողությունները, զինվորների նվաստացումները, սպանության և ինքնասպանության, զինվորների խեղման դեպքերը:
Որպեսզի այս միտքը մերկապարանոց չլինի` խոսենք փաստերով և նախապես նշենք, որ հանցագործություններից շատերը մարտական դիրքերում են լինում:
Օրինակ` այս պաշտպանական շրջանի միայն մեկ զորամասում ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Ստեփանյանը վերջերս, լինելով դիրքի ավագ, անպարկեշտ ձևով ստորացրել է իր ստորադրյալ Ն.Մխիթարյանի պատիվն ու արժանապատվությունը: Այժմ նա դատվում է իշխանազանցության և զինծառայողին վիրավորանք հասցնելու համար: Նարեկ Ստեփանյանը նախկինում դատված չի եղել: Փաստորեն, այստեղից է սկսվելու նրա կենսագրության արատավոր մասը:
Արմավիրի բնակիչ, 20-ամյա Արմեն Նազարյանը, լինելով նույն զորամասի ջոկի հրամանատար, կոչումով սերժանտ, որպես պետ 2010թ. դեկտեմբերի 7-ին, վաղ առավոտյան զորամասի ֆիզհրապարակում առավոտյան մարմնամարզության ժամանակ, վարժությունները սխալ կատարելու համար վաշտի անձնակազմի ներկայությամբ բռնել է իր նկատմամբ ստորադրյալ, նույն վաշտի ժամկետային զինծառայող, շարքային Արեն Պալաքյանի զինվորական համազգեստից, մի կողմ քաշել ու իբր դիտողություն արել և անպարկեշտ ձևով ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը: Այս դեպքով քրեական գործ է հարուցվել միայն դեպքից երկու ամիս անց: Թե ով է դիմել, և ինչու է միայն երկու ամիս անց պարզվել, որ ջոկի հրամանատարը ստորացրել է նրան` անհայտ է: Սերժանտի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը, իսկ թե այդ հրամանատարությունը ինչ հսկողություն է իրականացնում` արդեն պարզ է. վաշտի հրամանատարության ներկայությամբ է Արմեն Նազարյանը ստորացրել զինվորին, և եթե հսկող լիներ` այն ժամանակ կհսկեր: Ստացվում է, որ այստեղ վաշտի հրամանատարությունն արդեն պաշտոնեական անգործություն է դրսևորել և մնացել անպատիժ: Իսկ վիրավորանք հասցնելու համար նա «համաներվեց», քանի որ նշյալ հոդվածը նախատեսում է պատիժ` ազատազրկում առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Մեր հաջորդ «հերոսը» 24-ամյա Արմեն Մկրտչյանն է: Նա, փաստորեն, զինվորական կրթությունը նոր ավարտած նորաթուխ սպաներից է, նույն զորամասի ավագ լեյտենանտներից, դասակի հրամանատար, ով, իշխանազանցություն թույլ տալով, ձեռքով հարվածել է ժամկետային զինծառայող, մարտական հերթապահություն կատարող դիրքի ավագ Գ.Ալեքսանյանի դեմքին` պատճառելով թեթև մարմնական վնասվածք: Ըստ պաշտոնական աղբյուրի տեղեկատվության` այս տարվա հունվարին է դեպքը եղել, գիշերվա ժամը 03.30-ի սահմաններում, իսկ առիթը եղել է մարտական դիրքում հերթափոխը ուշ կատարելը: Դատարանը նրան դատապարտել է երկու տարվա ազատազրկման` հաշվի առնելով, որ նա առաջին անգամ, միջին ծանրության հանցանք է կատարել, զղջացել, տուժողն էլ չի բողոքել: Բայց եթե այդ սպային չեն կալանավորել, թողել են ծառայության մեջ` հարց է տուժո՞ղը չի բողոքել, թե՞ նրան ուղղակի թույլ չեն տվել: Հետո էլ դատարանը համաներում է կիրառել այդ սպայի նկատմամբ: Հուսանք, որ նա չի շարունակի արատավորել իր սպայական անունը և զինվորի արժանապատվությունը:
Բայց պարզվում է, որ այս զորամասում միայն պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելով չեն զբաղված: Մի փող հավաքող «Ռոժ» էլ այստեղ կար, բայց ի տարբերություն «Ռոժի»` Վարդան Մարտիրոսյանի, այս զորամասի փող հավաքողը սպա չէ, այլ ժամկետային զինծառայող, կոչումով սերժանտ: Սեյրան Վանեսյանը աբովյանցի մի տղա է, ով անցյալ տարվա սեպտեմբերից մինչև դեկտեմբեր զորամասի սպաների վստահությունը չարաշահելու միջոցով, խարդախություններով, փոխառության անվան տակ վերցրել է 4.600 ԱՄՆ դոլարին համարժեք գումար և չի վերադարձրել: Երբ սպայակազմը խառնվել է իրար և քրգործ է հարուցվել` այդ ժամանակ է միայն վերադարձրել գումարը, որ չդատվի: Տուժողները հետո չեն բողոքել, և դատարանը 20-ամյա այս երիտասարդին դատապարտելով 3 տարվա ազատազրկման` նրա նկատմամբ կիրառել է 26.05.2011թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Համաներում հայտարարելու մասին» որոշումը և ազատել դատարանի դահլիճից:
Հադրութի զորամասերում շատ են նաև ծանր դեպքերը. այս տարվա մարտի 21-ի լույս 22-ի գիշերը հրազենային վնասվածք էր ստացել և հրաշքով ողջ մնացել 19-ամյա զինծառայող Ժիրայր Մինասյանը: Նա շուրջ մեկ շաբաթ խորը կոմայի մեջ էր եղել: Ըստ ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայության պաշտոնական հաղորդագրության` ժամկետային զինծառայող Ժիրայր Մինասյանը գնդացիրից կրակել էր իր վրա և վիրավորվել. վնասվածք էր ստացել գլխի` վերհոնքային հատվածում: Մինասյանը զորակոչվել էր Մասիսի զինկոմիսարիատից, Այնթապ գյուղից: Ծառայել է ՀՀ ՊՆ Կապանի զորամասերից մեկում և Հադրութի զորամաս էր մեկնել 14-օրյա զինավարժությունների: Հենց այդտեղ էլ ծնողները մինչ դեպքը նրան հյուծված և անհանգիստ վիճակում են տեսել, սնունդ չի ընդունել, սակայն ծնողների հարցերին էլ չի պատասխանել: Որոշ ժամանակ անց նրան տեղափոխել են հոսպիտալ, ապաքինվել ու նորից վերադարձել է զինավարժությունների մասնակցելու: Իսկ դեպքի մասին այդ զորամասի հրամանատարից իմացել են հետևյալը. Ժիրայր Մինասյանը դիրքերում մարտական հերթապահություն իրականացնելիս է եղել, երբ նրան իր մոտ է կանչել հրամանատարը: Մինասյանը վազել է դեպի հրամանատարը, սակայն սայթաքել է, զինծառայողը ընկել է, և հրազենից կրակ է արձակվել: Հրամանատարի խոսքով` դեպքին ականատես է եղել միայն ինքը, որտեղից էլ տեղափոխել են բուժկետ, հետո զինհոսպիտալ: Հիմա էս հրամանատարի պատմած «հեքիաթին» ո՞նց հավատանք: Նախ, զինվորը «պրեդախրանիտելը» փակ ա զենքը կրում և մինչև դրանից չհանի` չի կարող զենքը կրակել: Երկրորդ` գիշերվա կեսին ա՛յ հրամանատար, էդ ի՞նչ էիր ասում զինվորին, որ մոտդ կանչեցիր ու մոտդ էլ մարդ չկար: Մինչ այդ ինչո՞ւ է զինվորը հյուծված տեսք ունեցել, չէ՞ որ դու պատասխանատու ես նրա համար` բոլոր առումներով: Բացի դա, եթե զինվորը ծնողներին չի ասել իր վատ զգալու պատճառները, ուրեմն ասելու բան չի եղել: Ուրեմն ի՞նչ եք արել էդ զինվորին այ վատ մամայի լածիրակներ:
Անցյալ տարվա նոյեմբերի 19-ին ԼՂՀ ՊԲ Հադրութի զորամասում տեղի ունեցած արյունալի միջադեպի հետևանքով հրազենային կրակահերթերից զոհվեցին ժամկետային զինծառայողներ` Լևոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.): Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ ստացան ժամկետային զինծառայողներ Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) և Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.): Հետո քննությունը պարզեց, որ Մանվել Հազրոյանն է բոլորի ուղղությամբ կրակահերթ արձակել, ով դատապարտվեց ցմահ ազատազրկման: Ամբաստանյալի նման գործողության իրական պատճառը ո՞րն էր` քննությունն այդպես էլ չպարզեց. ի՞նչ են ուզեցել անել Հազրոյանին, որ նա նախընտրել է դատվել… բաներ կան, որ չեն բարձրաձայնվում, պարզապես հասկացվում են:
Դրան հաջորդում է 2011թ. փետրվարի 6-ին ԼՂՀ Հադրութի շրջանի տարածքում տեղակայված զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Գևորգ Անդրանիկի Կոծինյանի սպանությունը: Նա ծառայել է պատերազմական գործողությունների մասնակից, զորամասի հրամանատար, գնդապետ Առուստամյանի պատասխանատվության տակ գտնվող զորամասում: Վանաձորի զինկոմիսարիատի կողմից զորակոչված Գևորգը հասցրել էր ծառայել ընդամենը ինն ամիս: Դիահերձման ժամանակ տղայի վրա հայտնաբերվել են տարբեր բնույթի վնասվածքներ, և ներկայացվել է մահվան փաստը հավաստող բժշկական վկայականը, որտեղ որպես մահվան պատճառ նշված է` սրտի ռեֆլեկտոր կանգ, արձանագրված են նաև հետևյալ վնասվածքները` կրծքավանդակի փափուկ հյուսվածքների, ձախ թոքի, սրտի արյունազեղումներ, աջ անրակի հոդախախտ, աջից գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների, աջ երիկամի և մակերիկամի արյունազեղումներ: Այսինքն` Գևորգին դաժանորեն ծեծել են: Նրան ծեծել էին համածառայակիցները, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իսկ առիթը եղել էր Գ.Կոծինյանի կողմից զորանոցում ծխելը և իրենց հետ խոսելու վերջինիս բնորոշ բարբառն օգտագործելը, շարժումներ կատարելը:
Հ.Գ. Եթե ՊՆ և ԼՂՀ իշխանությունները կարգուկանոն չհաստատեն այս պաշտպանական շրջանում, ուրեմն նրանք էլ են այս շրջանի որոշ հրամանատարների սարքած կեղտից օգտվում: Եվ եթե այդպես է` հասարակությունը պետք է հետաքրքրվի սրանց և հովանավորողների ընտանիքներով…








































