Մուամար Քադաֆիի երրորդ որդին` Սաադին, ով նախկին ռեժիմի 32 այլ ներկայացուցիչների հետ կիրակի օրը հեռացել էր Նիգեր, այժմ գտնվում է այդ երկրի մայրաքաղաք Նիամեյում: Նիգերի իշխանությունները Վաշինգթոնին երաշխավորել են, որ Սաադին գտնվում է անվտանգության ծառայությունների հսկողության տակ և որևէ գործունեություն չի ծավալում:
ԱՄՆ Պետքարտուղարության մամլո խոսնակ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է. «Մենք ելնում ենք նրանից, որ Սաադին և Լիբիայի նախկին իշխանությունների որոշ անդամներ գտնվում են Նիգերի կառավարության հսկողության տակ.դա, ըստ էության, տնային կալանք է: Մենք դա այդպես ենք հասկանում»:
Ինչպես հայտնում է mignews.com-ը, Սաադիի թիկնապահներից մեկը հայտնել է, որ այն ժամանակ, երբ կործանվում էր Մուամար Քադաֆիի ռեժիմը, Սաադին Լոնդոնում մեծ գումարներ էր ծախսում մարմնավաճառների հետ զվարճանալու և խմիչքներ ու թմրանյութեր ձեռք բերելու վրա` նշելով, որ Սաադին մի անգամ իրեն խնդրել է կոկաին գտնել, ինչից վերջինս հրաժարվել է:
Սաադի Քադաֆին նախկինում եղել է ֆուտբոլիստ և խաղացել է Իտալիայում, որից հետո որոշել է դառնալ զինվորական: Մինչև Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումը Սաադին եղել է Լիբիայի բանակի ստորաբաժանումներից մեկի հրամանատարը:









































